Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

Նպատակ ունենալով նպաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց և դատախազների ու քննիչների պատշաճ մասնագիտական պատրաստվածությանը, ինչպես նաև երկու պետությունների դատախազության համակարգերի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացմանը: Ելնելով երկու պետությունների դատախազության համակարգերի կատարելագործման և գործունեության արդյունավետության բարձրացման շահերից, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունների միջև ձևավորված համագործակցության փորձը և այն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.

1. Հուշագրի նպատակները

1.1. Հուշագրի նպատակներն են՝

1.1.1. Ակադեմիայի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազների, քննիչների և դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց (այսուհետ՝ Ունկնդիրներ) մասնագիտական պատրաստման, վերապատրաստման գործընթացի ապահովումը,

1.1.2. կողմերի միջև գիտական ոլորտում համագործակցությունը:

2. Համագործակցության առարկան

2.1. Կողմերը համաձայնվում են՝

2.1.1. ԼՂՀ Դատախազության կողմից ներկայացված և Ակադեմիայի կողմից հաստատված թվաքանակի շրջանակներում, առկա և հեռավար ուսուցման կազմակերպման միջոցով, ապահովել Ունկնդիրների մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը,

2.1.2. օժանդակել Ունկնդիրների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համար անհրաժեշտ գիտական նյութերի, վիճակագրական տվյալների և գրականության փոխանակման հարցում,

2.1.3. կազմակերպել համատեղ կրթական ծրագրեր, գիտական միջոցառումներ (համատեղ քննարկումներ (կլոր սեղաններ), համագումարներ, գիտաժողովներ, սեմինարներ և այլն), ինչպես նաև փորձի փոխանակմանն ուղղված այլ միջոցառումներ:

3. Ուսուցման կազմակերպումը և իրականացումը, Ունկնդրի կարգավիճակը

3.1. Ակադեմիայում ուսումնառության ընթացքում Ունկնդիրների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Ակադեմիայի ներքին իրավական ակտերով սահմանված վերաբերելի իրավական կարգավորումները, եթե այլ բան նախատեսված չէ սույն Հուշագրով կամ Կողմերի համաձայնությամբ:

3.2. Ունկնդիրների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման տարեկան ուսուցման ծրագրերը հաստատվում են համատեղ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազի և Ակադեմիայի ռեկտորի կողմից:

4. Ֆինանսավորումը

4.1. Մասնագիտական պատրաստման և վերապատրաստման ֆինանսավորման պայմաններն են՝

4.1.1. ԼՂՀ Դատախազությունը հոգում է Ունկնդիրների տրանսպորտային և օրապահիկի ծախսերը, ինչպես նաև մասնագիտական պատրաստում անցնող Ունկնդիրների կրթաթոշակի ծախսերը: Մասնագիտական պատրաստում անցնող Ունկնդիրների կրթաթոշակը պետք է համարժեք լինի Ակադեմիայում ուսումնառություն անցնող Հայաստանի Հանրապետության դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում վճարվող կրթաթոշակին:

4.1.2. Ակադեմիան հոգում է համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված դասախոսների և քննիչների վարձատրության, լսարանների տեխնիկական ապահովման հետ կապված ծախսերը, ինչպես նաև վերապատրաստում անցնող Ունկնդիրներին ապահովում է կացարանով:

5. Եզրափակիչ և անցումային դրույթներ

5.1. Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Հուշագիրը հետադարձ ուժով տարածվում է 2015 թվականի փետրվարի 23-ից ծագած հարաբերությունների նկատմամբ: Սույն հուշագրի ուժով հաստատված է համարվում 2015 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ծրագիրը (կցվում է՝ որպես հավելված):

5.2. Կողմերը կարող են Հուշագրում փոփոխություններ կատարել փոխադարձ համաձայնությամբ: Փոփոխությունները ձևակերպվում են առանձին արձանագրությամբ, որն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և կազմում է Հուշագրի անբաժանելի մասը:

5.3. Հուշագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կամ Կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ: Հուշագրի գործողությունը դադարեցնել ցանկացող կողմը մյուս կողմին այդ մասին գրավոր տեղեկացնում է առնվազն երկու ամիս առաջ: Այդ դեպքում կողմերը պարտավորվում են ավարտին հասցնել մինչև պայմանագրի դադարեցումը չավարտված ծրագրերը:

5.4. Հուշագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

ԼՂՀ գլխավոր դատախազ

ԱՐԹՈՒՐ ՄՈՍԻՅԱՆ

Արդարադատության ակադեմիայի ռեկտոր

ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ