ՕՐԻՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
2021թ. փետրվար ամսից անհայտ անձը, օժտված լինելով ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ ազդելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, ուղղակի դիտավորությամբ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2005 թվականի օգոստոսի 14-ին տրամադրված թիվ 061470 վկայականի համաձայն պետական գրանցում ստացած <<Միքս Մեդիա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահույթ ստանալու նպատակով հիմնադրված, առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ 2015 թվականի հոկտեմբերի 19-ին պետռեգիստրի թիվ 003556 վկայականով պետական գրանցում ստացած, <<Էքսիլենթ Տելեսիստեմս>> փակ բաժնետիրական ընկերության կողմից ԱՀ հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից օրենսդրության և պետական հանձնաժողովի հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին թիվ 14Ն որոշմամբ սահմանված ընթացակարգով 87.5 մեգահերց, 88.3 մեգահերց և 89.3 մեգահերց հաճախականություններում ռադիոհաղորդումների եթերային հեռարձակման և վերահեռարձակման ընթացքում ընկերության կողմից վերոնշյալ հաճախականություններով հեռարձակվող ռադիո եթերը ենթարկել է ինտենսիվ խանգարումների՝ այդ կերպ ակնհայտ ապօրինի սահմանափակելով հիշյալ ընկերության իրավունքներն ու շահերը:
Սույն դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով /Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը/ 01.04.2021թ. հարուցվել է քրեական գործ:
Հիշյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: