Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՀՎԱՆ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳԵՑՐԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի մայիս ամսում ԱՀ դատախազությունում ուսումնասիրվել են նախորդ չորս ամիսների ընթացքում Արցախում արձանագրված ճանապարհատրանսպորտային այն պատահարները, որոնք առաջացրել են մարդու  մահ կամ որոնց հետևանքով պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վերոհիշյալ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին Արցախում գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 82 դեպք, որից 26-ը գրանցվել է հունվար ամսում, 17-ը` փետրվար, 19-ը` մարտ և  20-ը` ապրիլ ամիսներին:

Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերին առնչվել է ընդհանուր 115 վարորդ, որից 114-ը` արական, իսկ 1-ը` իգական սեռի է:

Ճանապարհատրանսպորտային պատահարներում ներգրավված էր 107 մարդատար և 9 բեռնատար մեքենա:

Հիշյալ դեպքերի  հետևանքով  տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել 111 անձ, մահացել` 5-ը: Տուժողների թվում 45-ը տրանսպորտային միջոցների վարորդներն են, 60-ը` ուղևորները, 11-ը` հետիոտները: Ինչպես նկատելի է ներկայացված վիճակագրությունից` որպես կանոն առավել հաճախ տուժում են  ուղևորները և վարորդները:

Ուսումնասիրված ժամանակահատվածում արձանագրվել է միջին ծանրության ու ծանր մարմնական վնասվածք պատճառած կամ մահվան հանգեցրած ճանապարհատրանսպորտային 28 դեպք  (2020թ. նույն ժամանակահատվածում` 25), որի հետևանքով մահացել է  5  (2020թ. նույն ժամանակահատվածում` 2), վիրավորվել 28 անձ  (2020թ. նույն ժամանակահատվածում` 25):

Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում տեղի են ունեցել վարորդի կողմից անսթափ վիճակում վարելու, արագությունը գերազանցելու, տրանսպորտային միջոցներն անսարք վարելու հետևանքով:

Այսպիսով, վերոգրյալը թույլ է տալիս եզրահանգելու, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է հանրային վտանգավորություն ներկայացնող ճանապարհատրանսպորտային պատահարների և դրանից տուժած անձանց թվի աճ, ինչը խիստ մտահոգիչ է:

Կոչ ենք անում ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցներին` առավելագույն  զգոնությամբ հետևել ճանապարհային երթևեկության կանոններին և խստագույնս պահպանել դրանք: Անհրաժեշտ է ցուցաբերել հանրային բարձր գիտակցություն և պատասխանատվության զգացում ու բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման կարգապահությունը, հակառակ պարագայում նման դեպքերի առնչությամբ պետության պատժողական քաղաքականությունը ենթակա կլինի վերանայման հօգուտ խստացման: