Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ Ի ՀԱՅՏ ԲԵՐՎԱԾ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն այսօր ԱՀ Ազգային Ժողովում ներկայացրել է դատախազության 2019թ. գործունեության տարեկան հաղորդումը, որի շրջանակում ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը զեկուցողին ուղղված հարցադրմամբ հետաքրքրվել էր Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում բնակելի տների կառուցման գործընթացում ի հայտ բերված ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքից:
Նկատի ունենալով հիշյալ քրեական գործի վերաբերյալ օրենսդիր մարմնի, հետևաբար նաև հանրության հետաքրքրությունը, իրազեկում ենք, որ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի մինչդատական վարույթի շրջանակում պարզվել է, որ «Քաշաթաղ բարեգործական հիմնադրամ»-ի պաասխանատու անձինք իրենց կարգադրիչ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց օգտին օգտագործելով, 2017-2019թթ. ընկած ժամանակահատվածում չունենալով քաղաքաշինական գործունեություն ծավալելու իրավունք, առանց օրենքով նախատեսված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի, առանց շինարարության թույլտվության և քաղաքաշինական նորմերի խախտմամբ` Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կառուցել են թվով 63 բնակելի առանձնատներ ու առանց շահագործման ակտի հանձնել քաղաքացիների օգտագործմանը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
24.08.2019թ. հիշյալ դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից հարուցվել է նոր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որն առանձնացվել է առանձին վարույթում: Նշված քրեական գործով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, այդ թվում` «Քաշաթաղ բարեգործական հիմնադրամ»-ի տնօրենը, Իշխանաձոր համայնքի ղեկավարը, Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը, կատարվել են մի շարք հարցումներ, զննություններ, հետաքննության մարմնին տրվել են օպերատիվ հանձնարարություններ: Հիմնադրամի կողմից կառուցված թվով 63 առանձնատների իրական արժեքը, ինչպես նաև քաղաքաշինական նորմերի խախտման բնույթն ու վտանգավորությունը որոշելու նպատակով` 19.10.2019թ. նշանակվել է դատաշինարարատեխնիկական-դատահաշվապահական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ԱՀ և ՀՀ փորձագիտական հիմնարկների փորձագետներին:
Նկատի ունենալով փորձաքննության առարկայի մեծածավալությունը և դրանով պայմանավորված` ժամանակատար լինելը, փորձաքննության կատարումը դեռևս չի ավարտվել: Հաշվի առնելով, որ քրեական գործով քննության առարկայի մեջ մտնող արարքներին իրավական գնահատական տալու համար էական նշանակություն ունեն վերոհիշյալ փորձաքննության եզրակացությամբ արված հետևությունները, ուստի քրեական գործի նախաքննությունը շարունակվում է՝ փորձագիտական հետազոտության արդյունքները ստանալու և դրանց ու գործով ձեռք բերված մնացյալ ապացույցների հիման վրա եզրափակիչ դատավարական որոշում ընդունելու համար:
Քրեական գործի նախաքննության հետագա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: