Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԵԿԱՆՔ

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում 2011թ. ընթացքում ԼՂՀ  գլխավոր դատախազության

ԿԿՍՏԳԴՈՒՀԳ բաժնի և քաղշրջդատախազությունների կատարած աշխատանքների վերաբերյալ
 
 
2011թ. ընթացքում ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի, ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի և  քաղշրջդատախազությունների կողմից դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է տարվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված 22 քրեական գործով, որից 8-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 5-ը կարճվել է ոչ արդարացման հիմքով, 4-ը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ 5-ը գտնվում է նախաքննության փուլում: Ավարտված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ, որից 14-ը պաշտոնատար անձինք են, այդ թվում 5-ը` ԼՂՀ կրթության, 5-ը` առողջապահության ոլորտից, 3-ը` տեղական ինքնակառավարման համակարգից, 1-ը` ԼՂՀ ոստիկանության համակարգից:
2011թ. ընթացքում ավարտված 13 քրեական գործով արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 25 հանցագործություն: Նշված հանցագործություններից 8-ը գրանցվել է  կրթության համակարգում, 6-ը` առողջապահության համակարգում, 5-ը` տեղական ինքնակառավարման համակարգում, 5-ը` տնտեսական գործունեության բնագավառում, 1-ը` ոստիկանության համակարգում:
Քրեական գործերով նախաքննության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել կոռուպցիոն բնույթի հանցագործություններով պատճառված վնասը վերականգնելու գործընթացին: Այսպես, նշված բնույթի հանցագործություններով պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 30.931.514 դրամ և 50.121 ԱՄՆ դոլար, որից 30.541.858 դրամը որպես պետությանը պատճառված վնաս, իսկ 386.616 դրամը և 50.121 ԱՄՆ դոլարը` որպես իրավաբանական անձանց պատճառված վնաս: Պետությանը պատճառված վնասից նախաքննության փուլում վերականգնվել է 17.622.858 դրամ /57 տոկոս/, իսկ մնացորդ 13 մլն. դրամից 10,4 մլն. դրամի վերաբերյալ առկա է քաղաքացիական հայցը բավարարելու մասին դատական ակտ: Իրավաբանական անձանց պատճառված վնասը լրիվությամբ վերականգնված է:
Առանձնահատուկ կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը, ԼՂՀ տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը և դատական քննության ընթացքը մշտապես գտնվել է ԼՂՀ գլխավոր դատախազության համապատասխան բաժնի վերահսկողության տակ: Նման բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովելու համար ԼՂՀ դատախազությունը համագործակցում է հանրապետության մյուս իրավապահ մարմինների` ԼՂՀ ոստիկանության և ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության, ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության հետ, ինչպես նաև համապատասխան համաձայնագրի շրջանակներում փոխգործակցում է ԼՂՀ Վերահսկիչ պալատի հետ: Յուրաքանչյուր քրեական գործով պարտադիր վեր են հանվում հանցանքի կատարմանը նպաստող պատճառներն ու ծնող պայմանները և անհրաժեշտության դեպքում` դրանց վերացման հանձնարարականով ներկայացվում միջնորդագրեր:
ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված,
սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված
հանցագործությունների գործերով բաժին