Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀՅՈՒՐԱՏՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ ԵՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և անհատ ձեռնարկատիրոջ միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին վերջինիս պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ հյուրատանը բնակվող անձանց սնունդ տրամադրելու, ինչպես նաև փաստացի բնակվող 15 անձի փոխարեն 17 անձի տվյալ ներկայացնելու մասին, որի միջոցով պետությունից խաբեության եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 3.215.200 դրամ գումար:

Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն), 334-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Քրեական գործը փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե` նախաքննություն իրականացնելու համար։

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ գլխավոր դատախազության կողմից:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: