Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է

Սույն  թվականի մարտ ամսում ԱՀ դատախազության կողմից ուսումնասիրվել է վերջին հինգ տարվա ընթացքում արձանագրված ինքնասպանության և ինքնասպանության փորձի դեպքերը: Կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա երկրորդ և վերջին եռամսյակներում նկատվում է նման դեպքերի թվի աճ, հատկապես առավել մտահոգիչ ակտիվություն է նկատվում հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց շրջանում: Ընթացիկ ամիսն արդեն աչքի է ընկել նման դեպքերի թվի աճով, ինչը մտահոգիչ է, սակայն եթե նախկին տարիներին այն ընդամենը ենթադրվող վիճակագրություն էր, ապա հիմա  սովորական վիճակագրությունից զատ այն նաև այլ մտահոգություններ է պարունակում:

Արցախյան վերջին պատերազմը իր հետ բերել է բազմաթիվ արհավիրքներ, որոնք մարդկային կյանքեր խեղելուց և խլելուց զատ նաև լրջագույն ազդեցություն են ունեցել մարդկանց հոգեկան առողջության վրա, հասարակությունը և անհատը դարձել են առավել հուզական, դյուրագրգիռ, զգայուն, որպիսի զգացմունքները հաճախ զուգակցվում են այս կամ այն հարցի կամ խնդրի կապակցությամբ որոշումների ընդունման հրատապությամբ` հաճախ հղի լինելով անդառնալի հետևանքներով:

Այս առումով բավականին կարևոր նշանակություն ունի հետպատերազմյան հասարակության հետ հոգեբանների խմբի աշխատանքը, որը նախաձեռնվել էր ԱՀ առողջապահության նախարարության և արտասահմանյան մի խումբ հոգեբան-կամավորականների կողմից, սակայն պարբերաբար արձանագրվող դեպքերն ու իրադարձությունները վկայում են դրանց ծավալների ընդլայնման, շահառուների առաջնահերթությունը որոշելու մոտեցումների վերանայման, անհատական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտության մասին:

Ներկայացվող խնդրի արդյունավետ լուծման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև մեզանից յուրաքանչյուրի դերակատարությունն ու խնդրի լուծման գործին ակտիվ մասնակցությունը: Մենք չպետք է անտարբեր գտնվենք տարբեր պատճառներով հոգեկան անկայուն վիճակում հայտնված, ինքնավնասման կամ այլ կպչուն մտքեր արտահայտող,  վարքագծային կտրուկ փոփոխություններ ունեցող մեր հայրենակիցների հանդեպ և պարտավոր ենք բավարար միջոցներ ձեռնարկել հոգեբանական աջակցության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բոլոր հասանելի միջոցները գործադրելու համար: Մենք նույն ակտիվությունը և հոգատարությունը պետք է ցուցաբերենք նաև հոգեկան հիվանդություններով կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարումներով տառապող անձանց նկատմամբ`  խորհուրդներով, հորդորներով կամ օրենքով չարգելված այլ միջոցներով նրանց համար ապահովելով պատշաճ բժշկական հսկողություն և բուժում:

Հարգելի հայրենակիցներ, ԱՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն`  <ԱՀ-ում մարդը բարձրագույն արժեք է>, իսկ նրա կյանքը` ամենաթանկն ու անդառնալին, հետևաբար մենք պարտավոր ենք միմյանց հանդեպ լինել անսահման հոգատար, արժևորել մեզանից յուրաքանչյուրի կյանքը` առանց տարբերակման, թե ինչ պայմաններում և հանգամանքներում մենք այն կարող ենք կորցնել: