Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐ ՀԱՓՇՏԱԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Վերջին ամիսներին բավականին մեծ տարածում են գտել սոցիալական ցանցերի միջոցով քաղաքացիների հետ կապ հաստատելու, վստահություն ձեռք բերելու և խաբեության եղանակով վերջիններից տարբեր չափերի գումար հափշտակելու դեպքերը։ Արցախի Հանրապետության դատախազության և ներքին գործերի նախարարության կողմից պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում այդօրինակ երևույթների մասին՝ այդպիսով նաև զգոնության, գրավիչ թվացող կեղծ հրապարակումներն ու խղճահարույց բովանդակություն ունեցող հեռախոսազանգերը սթափ գնահատելու կոչ անելով մեր համերկրացիներին։ Չնայած ձեռնարկվող ջանքերին՝ «facebook.com», «odnoklassniki.ru» սոցիալական ցանցերի, հայաստանյան բջջային օպերատորների կողմից տրված բջջային հեռախոսահամարներով զանգերի միջոցով խարդախությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու դեպքեր գրանցվում են գրեթե ամեն օր: Դրանք հիմնականում կատարվում են տարբեր ապրանքների առցանց վաճառքի կեղծ խոստման, իբր արցախցիների համար նախատեսված աջակցությունը ՀՀ-ից Արցախ հասցնելու դիմաց վճարելու, զինվորի փոխանցելու համար փոխառությամբ գումար խնդրելու և կեղծ ու ստահոդ այլ պատճառաբանությունների գործադրմամբ: Գումարը փոխանցելուց հետո սոցիալական ցանցի համապատասխան էջերն անմիջապես ապաակտիվանում են, իսկ հեռախոսահամարները` դառնում անհասանելի: Հատկանշական է, որ վերջերս հանցավոր նման արարքների կատարմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել նաև ՀՀ-ում:

Կոչ ենք անում ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն և կազմակերպվածություն, անծանոթ անձանցից կամ սոցիալական ցանցերի օգտատերերից ստացված հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների բովանդակությունը գնահատել առավելագույն սթափությամբ և առանց ավելորդ հուզականության, ֆինանսական միջոցների փոխանցման հետ կապված ցանկացած առաջարկ քննարկել բացառապես անձի ինքնությունը լիարժեք բացահայտելուց և առաջարկվող ծառայության իրական լինելու մեջ համոզվելուց հետո: Կասկածահարույց զանգերի ու հաղորդագրությունների դեպքում առանց գումար փոխանցելու՝ հաղորդել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությանը: