Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սույն թվականի ապրիլի 5-ին ԱՀ դատախազության կայքում տեղեկություն էր հրապարակվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող դրամական աջակցության համար հիմք ծառայած` ԱՀ Ավետարանոց համայնքի ղեկավարի կողմից ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված ցուցակներում հիշյալ որոշմամբ շահառուներին ներկայացվող պահանջները չբավարարող թվով 227 անձի ներառելու, դրա հիման վրա վերջիններիս կողմից 300.000-ական դրամ գումար ստանալու և նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ քրեական  օրենսգրքի  322-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին (հղումը այս հասցեով. https://prosecutornk.am/%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d5%a9/):

Հրապարակումից հետո դատախազությանն ուղղված հարցերի կապակցությամբ  պարզաբանում ենք, որ քրեական գործի հարուցման հիմք հանդիսացող նյութերում որևէ տեղեկություն չկա պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության դեպքի մասին և նման արարքի կատարում Ավետարանոց համայնքի ղեկավարին չի վերագրվել: ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դատախազություն ներկայացված տեղեկությունների ստուգման արդյունքում ձեռք բերված նախնական տեղեկությունների հիման վրա ԱՀ ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ` հետաքննություն իրականացնելու և հետագայում նկարագրված դեպքի կապակցությամբ նախաքննական մարմնի կողմից լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով: Հատկանշական է, որ նույնատիպ դեպքերի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել ոչ միայն Ավետարանոց, այլև Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի շրջանների մի շարք այլ համայնքների ցուցակներում վեր հանված անճշտությունների կապակցությամբ:

Դատախազությունն ընդամենը հրապարակել է այն տեղեկությունները, որոնք հիմք են հանդիսացել ԱՀ ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելու համար, հրապարակված տեղեկությունը ենթակա է նախաքննության շրջանակում մանրակրկիտ քննության, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը մանրակրկիտ քննության կառնի բոլոր փաստարկները: