Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննարկվել են Շուշի քաղաքի բնակիչներ Ավետիք Գասպարյանի և Ռոման Բաբայանի հաղորդումների շուրջ նախապատրաստված նյութերը, ըստ որոնց պարզվել է, որ  2016 թվականի փետրվարի 21-ին, ժամը 07:30-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության մի խումբ աշխատակիցներ, հանդիսանալով պաշտոնատար անձինք, ԱՀ Շուշի քաղաքում տեղակայված` նույն վարչության քննչական մեկուսարանի շենքի առաջին հարկի հերթապահ անձնակազմի համար նախատեսված սենյակում, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, դիտավորությամբ բռնություն են գործադրել մեկուսարանում պահվող, տվյալ ժամանակ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում քննվող թիվ 13100116 քրեական գործով մեղադրյալ, Ստեփանակերտ քաղաքի Կոմիտասի փողոցի 12-րդ տանը հաշվառված Էդուարդ Գասպարյանի նկատմամբ, դրանով իսկ էական վնաս պատճառելով վերջինիս օրինական շահերին:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ և ղեկավարվելով ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մասով, 186-րդ հոդվածով, 187-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով, 193-րդ հոդվածով  և 198-րդ հոդվածի 2-րդ մասով, 21.08.2019թ. հարուցվել է քրեական գործ:  Տարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: