Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՆՑՈՒՄ

Սույն թվականի փետրվարի 12-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքի բնակիչը ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկություններ էր փոխանցել ոստիկանության ծառայողների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: 13.02.2021թ. ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել դիմումատուի բողոքը և հաղորդման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքները` բողոքաբերի ներկայացրած դեպքի հանգամանքները պարզելու համար: Ներկայացված հաղորդման հիման վրա 15.02.2021թ. ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, հանցագործության մասին հաղորդած քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նույն օրը նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ոստիկանության երկու ծառայողի տրվել է կասկածյալի կարգավիճակ, որից մեկը ձերբակալվել է:

Միաժամանակ հայտարարում ենք, որ ԱՀ դատախազությունը և ողջ իրավապահ համակարգը պատրաստակամ է վճռական պայքար տանելու խոշտանգման դեպքերը  բացառելու, իսկ այդպիսիք արձանագրվելու դեպքում` պատշաճ միջոցներ ձեռնարկելու օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: