Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

«Սանմաքրում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ալյոշա Սեյրանյանը հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպատնօրինչական լիազորություններով, օգտագործելով իրեն վերապահված լիազորությունները, 2012թ. դեկտեմբեր ամսում, Ստեփանակերտի քաղաքապետի թիվ 2264-Ա որոշմամբ կազմակերպության կարիքների համար առուվաճառքի պայմանագիր կնքելու եղանակով «ԱԿ-2718» ՓԲ ընկերությունից հատուկ ավտոմեքենաներ ձեռք բերելու վերաբերյալ թույլտվություն ստանալով և խախտելով «Գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգ»-ի 28-րդ կետի պահանջները, առանց հայտով առաջարկվող ապրանքի համարժեքության վերաբերյալ հանձնաժողովի արձանագրության, ծառայության շահերին հակառակ նշված ընկերությունից 2012թ. դեկտեմբերի 29-ին 7.800.000 ՀՀ դրամ արժողության KAMAZ KO-449-05 (KAMAZ 43253) մակնիշի 181 UU 22հ/հ-ի 1985թ. արտադրության հատուկ աղբատար և 7.550.000 ՀՀ դրամ արժողության «Կամազ- 43253» մակնիշի 182 UU 22հ/հ-ի 1984թ. արտադրության հատուկ աղ-ավազ ցանող ավտոմեքենանները ձեռք է բերել շուկայականից անհամեմատ բարձր գնով` յուրաքանչյուրը 25.581.600 ՀՀ դրամ գումարով, պատճառելով համայնքի օրինական շահերին գույքային վնաս:
Հիշյալ փաստի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով /Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ հարուցվել է քրեական գործ, տարվում է նախաքննություն:
Քրեական գործի նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: