Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են.

1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին.

2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները.

3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս:

Հանցագործության մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ` իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ: Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի գործունեություն:

Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը:

Քրեական գործ հարուցելու առիթ ասելով` պետք է հասկանալ օրենքով սահմանված այն աղբյուրը, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործությունների մասին: Հանցագործության մասին ֆիզիկական անձի հաղորդումը, ուղղված հետաքննության մարմնին, քննիչին կամ դատախազին, ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով քրեական գործ հարուցելու առիթ է, հետևաբար այդպիսի հաղորդման առկայությունն ինքնին առաջ է բերում քրեադատավարական իրավահարաբերություններ` կապված գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության հետ:

Միևնույն ժամանակ, հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում` ֆիզիկական անձի կողմից տրված, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի: Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին:

Վերոգրյալի հիման վրա պարզաբանում ենք, որ դատախազությունը իրավասու է գործադրել ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը բացառապես այն դեպքերում, երբ քրեական գործի հարուցման առիթը բավարարում է վերը բերված պայմանները, հակառակ դեպքում դատախազության արձագանքը կարող է ճանաչվել ապօրինի ու ոչ իրավաչափ:

Զանգվածային լրատվության միջոցներով արված հրապարակումների և իրավապահ մարմիններին ներկայացված հանցագործության վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և ընթացքավորման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս` դատախազությունը ղեկավարվում է վերը բերված չափորոշիչներով և վերահաստատում է քրեական գործ հարուցելու՝ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված առիթ հանդիսացող յուրաքանչյուր հրապարակման և հաղորդման կապակցությամբ քրեադատավարական քննություն նախաձեռնելու պատրաստակամությունը, որի լիարժեք իրականացման համար ակնկալում ենք նաև լրատվամիջոցների աջակցությունը: