Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՊԱՅԹԵՑՐԵԼ Է ՆՌՆԱԿԸ՝ ՍՊԱՆԵԼՈՎ ՄԵԿ ՀՈԳՈՒ

ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ  ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռ.Ն.-ն 2020թ. հոկտեմբերի սկզբներին Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք տանող ճանապարհին հրետակոծության ենթարկված ավտոմեքենայի մոտ հայտնաբերելով ռազմամթերք հանդիսացող նռնակներ և պայթուցիչներ՝ դրանք ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել իր մոտ, այնուհետև, 2020թ. հոկտեմբերի 24-ին ժամը 01-ի սահմաններում, գտնվելով Մեհմանա համայնքում տեղակայված՝ Գ.Ա.-ի առանձնատանը, միջամտել է նույն համայնքի բնակիչ Ռ.Ա.-ի և Մարտակերտ քաղաքի բնակիչ Ս.Ա.-ի միջև առաջացած վիճաբանությանը, որի ընթացքում ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ վերջինիս կյանքից զրկելու նպատակով և տվյալ իրավիճակում Ռ.Ա.-ի կյանքի համար վտանգավոր եղանակով իր մոտ պահվող ռազմաթերք հանդիսացող նռնակը բերելով մարտական վիճակի՝ այն նետել է Ռ.Ա.-ի ու Ս.Ա.-ի ուղղությամբ: Նռնակի պայթյունից առաջացած բեկորներից Ռ.Ա.-ն մարմնի տարբեր հատվածներում ստանալով մարմնական վնասվածքներ՝ տեղում մահացել է:

Հիշյալ քրեական գործով Ռ.Ն.-ն  ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) նախատեսված հանցանքների կատարման համար, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: