Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ Է ԸՆՏՐՎԵԼ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

Ի լրումն դատախազության կայքում 15.02.2021թ. տեղադրված` <Ինքնաձիգից կրակոցներ է արձակել` պատճառելով մարմնական վնասվածքներ> վերտառությամբ  հաղորդագրության.

17.02.2021թ. Ռոբերտ Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա 2021թ. փետրվարի 14-ին, ժամը 23:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի Օգոստոսի 17 փողոց-3 հասցեում տեղակայված հանրային սննդի կետում վիճաբանության մեջ մտնելով նույն կետը փաստացի շահագործող` ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ Ալեն Պողոսյանի հետ, վերջինիս կողմից  ապտակ ստանալուց հետո դուրս գալով  նշված փողոցը, իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի 35 NR 535 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սրահից հանել է իր մոտ ապօրինի պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգը և ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, նշված ինքնաձիգով կրակոցներ արձակել նույն հանրային սննդի կետի մուտքի առաջ հավաքված անձանց ուղղությամբ, որի հետևանքով մուտքի դռան դիմացի հատվածում գտնվող անձանցից` ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչներ Գևորգ Հայրապետյանն ու Մարատ Ավետիսյանը մարմնի տարբեր մասերում ստացել են հրազենային-գնդակային մարմնական վնասվածքներ: Այսինքն, Ռոբերտ Հարությունյանը կատարել է հանցագործություններ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ ապօրինի կերպով զենք պահելը ու շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց սպանության փորձ որակող հատկանիշներով:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: