Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայողի մասնագիտական օրվա առթիվ

 

Հարգարժան Կարեն Գրիգորի, հարգելի Մեխակ Ալեքսեյի և Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի ծառայողներ

Արցախի Հանրապետության դատախազության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ արտակարգ իրավիճակների պետական ծառայողի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պետական այն բացառիկ մարմիններից է, որը տարիների փորձությունների հերոսական հաղթահարմամբ, քրտնաջան ու համբերատար աշխատանքով ձեռք է բերել ու վայելում է արցախցու հարգանքը, սերն ու վստահությունը։ Մենք բոլորս գրեթե ամեն օր ականատեսն ենք այն հերոսական ու անձնուրաց ծառայության, որը համակարգի կողմից մատուցվում է արցախցուն պատուհասած արտակարգ իրադրության, նրա կյանքին ու առողջությանը սպառնացող ցանկացած վտանգի դեպքում։ Ձեր նվիրական աշխատանքի շնորհիվ է նաև, որ առաջին իսկ վտանգի դեպքում արցախցին զգում է պետության հոգատարությունը, աջակցությունն ու վերաբերմունքը:

2020թ. 44-օրյա արհավիրքին և դրանից հետո արտակարգ իրավիճակների պետական ծառայության հերոսամարտիկները դարձել էին քաղաքացիական բնակչության կենդանի պաշտպանիչ վահան` առանց սեփական կյանքն ու առողջությունը խնայելու: Շատերին միայն ֆիլմերից ծանոթ տեսարանները` կրակի հետ համառ պայքարն ու կրակվելը, սեփական վերքերի արնահոսող ցավն անտեսելով ուրիշին ձեռքերի վրա աղետից փրկելը, մահաբեր պայթյունների մեջ ինքնամոռաց պտույտները ձեզ համար դարձել էին առօրէական ու վեր ածվել կենսակերպի: Դժբախտաբար ու ցավոք, ձեր սխրագործությունները իրական էին և ոչ բեմադրված, որի պատճառով հնարավոր չեղավ խուսափել մեզ համար բարձրագույն արժեք մարդկային կյանքերի կորստից, մեր եղբայրների անձնազոհությունից, որոնց բարի անվան ու կենդանի ներկայության առջև ծնկաչոք խոնարհվում ենք:

Հարգելի պարոն Սարգսյան, արտակարգ իրավիճակների պետական ծառայության հարգելի ծառայողներ, կրկին անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթելով խաղաղ, անփորձանք, հարատև ու երջանիկ կյանք:

Աստված ձեզ պահապան:

 

ԱՀ գլխավոր դատախազ,  արդարադատության երկրորդ

դասի պետական խորհրդական                   Գ.Գ.Ներսիսյան                                                      

ք. Ստեփանակերտ,   «30»  հոկտեմբերի  2021թ.