Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՇՄՈԼ  ԳԱԶԻՑ  ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼՈՒ  ՓԱՍՏՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ  Է ՔՐԵԱԿԱՆ  ԳՈՐԾ

Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան  փողոցի  թիվ  2/8 բնակարանի բաղնիքում տեղադրված գազի ջրատաքացուցիչ կաթսայի հետագա շահագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով, 2021թ. հունիսի 17-ին ժամը 18:00-ի սահմաններում, բնակարանում կուտակվել էր ներշնչվող օդում ածխածնի մոնօքսիդի բարձր պարունակություն, որի հետևանքով տվյալ պահին նշված հասցեում գտնվող Արթուր Ավանեսյանը /ծնված 07.09.2011թ./  շմոլ   գազից  թունավորվելով՝ ստացել է կյանքին  վտանգ  սպառնացող,  առողջության  ծանր մարմնական  վնաս:

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը) նախատեսված հանցագործության հատկանիշներ, նույն օրը ԱՀ ՆԳՆ ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: