Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՇՄՈԼ  ԳԱԶԻՑ  ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ  ԴԵՊՔԵՐԻ  ՄՏԱՀՈԳԻՉ  ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունում ամփոփվել ու քննարկվել են 2021թ․ առաջին եռամսյակում արձանագրված` շմոլ գազից թունավորման դեպքերը: Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է շմոլ գազից թունավորման 39 դեպք, որից 32-ը` Ստեփանակերտ քաղաքում, 4-ը Ասկերանի, 2-ը` Մարտակերտի շրջաններում, անչափահաս երեխայի մահվան 1 դեպք` Մարտունու շրջանում:

Շմոլ գազից թունավորման բոլոր դեպքերի կապակցությամբ իրավապահ մարմինների կողմից կատարվում են քրեադատավարական ստուգումներ, նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ, պարզվում են շմոլ գազի արտանետման պատճառները, գազասպառման սարքավորումների համապատասխանությունը գազի տնտեսությունում գործող նորմերին, քննարկվում է ,,Արցախգազ,, ՓԲ ընկերության կողմից տվյալ օբյեկտում կատարված ստուգումների պատշաճությունը, ստուգման առկայությունը կամ բացակայությունը, իսկ վերջին դեպքում` նաև ստուգում չկատարելու պատճառները: Քննության է առնվում նաև բնակարանի կամ օբյեկտի սեփականատիրոջ վարքագծի իրավաչափությունը` իր պարտականությունների մեջ մտնող անվտանգության կանոնները պահպանելու տեսանկյունից:

Կատարված դատավարական ստուգումների արդյունքում պարզվել են շմոլ գազի արտանետման և դրա հետևանքով թունավորման հետևյալ պատճառները.

ա) տևական շահագործման հետևանքով գազասպառման սարքում առաջացել են անսարքություններ և այն ընթացիկ սպասարկման չի ենթարկվել ու թերությունները չեն վերացվել,

բ) ջրատաքացուցիչի ծխահեռացման խողովակները չեն համապատասխանել  պահանջվող նորմերին,

գ) բազմաբնակարան շենքերում ծխատարները եղել են լրիվ կամ մասնակի խցանված,

դ) ,,Արցախգազ,, ՓԲ ընկերության ներտնային փականագործի կողմից ստուգումներ իրականացնելուց հետո տանտիրոջ կողմից կատարվել են գազասպառման սարքերի տեղափոխություններ և դրանց վերստին շահագործում` առանց լրացուցիչ ստուգումների,

ե) տանտիրոջ բացակայության պատճառով ,,Արցախգազ,, ՓԲ ընկերության փականագործները տվյալ բնակարանում ստուգումներ չեն կատարել և առանց նրանց իմացության բնակարանում տեղավորված անձինք սկսել են շահագործել գազասպառման սարքերը,

զ) շմոլ գազ արտանետելու հիմքով փականագործների կողմից գազասպառման սարքերն անջատելուց և կապարակնքելուց հետո բնակիչները ինքնագլուխ շարունակել են նույն սարքերի շահագործումը` առանց արձանագրված թերությունները վերացնելու:

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում և հորդորում ենք առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել ներկայացվող խնդրին և խստորեն հետևել հատկապես տնային տնտեսությունում գազասպառման սարքերի շահագործման անվտանգության կանոններին: