Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐԻ ԿՈՊՏՈՐԵՆ ԽԱԽՏՄԱՄԲ ԱԳՐԵՍԻՎ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով ղարաբաղա-ադրբեջանական զինված ընդհարման շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, կիրառելով հրթիռա-հրետանային, ավիացիոն և անօդաչու թռչող սարքեր, հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով՝ սանձազերծելով ագրեսիվ պատերազմ, որի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված մեթոդների և միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական նորմերի լուրջ խախտմամբ, համակարգված, կանխամտածված և նախապատրաստված գրոհների թիրախ դարձնելով խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը, մասնավորապես, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելով խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, նշված զինատեսակներով հրետակոծել են Ստեփանակերտ քաղաքը և մնացած բոլոր շրջաններն ու դրանց հարակից այլ բնակավայրերը՝ պատճառելով մարդկային և գույքային կորուստներ:

Հիշյալ դեպքերի առթիվ 2020թ սեպտեմբերի 27-ին հարուցվել  է քրեական գործ:  Տվյալ քրեական գործի շրջանակներում իրականացվում են բազմաբնույթ քննչական և դատավարական գործողություններ: Իրականացվող քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ:

Համաձայն Հայաստանի Հանրապետության  և Արցախի Հանրապետության դատախազությունների միջև կնքված Համաձայնագիր-Հուշագրի` երկու կառույցների կողմից  համատեղ ծավալելվել են քրեադատավարական գործընթացներ` հանցավոր այդ գործողությունները քննության առարկա դարձնելու, քրեաիրավական գնահատականների արժանացնելու նպատակով: