Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՊՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում են Մարտունու շրջանում գործող որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների 2020թ. 44-օրյա պատերազմից հետո պաշտոնից ազատելու մասին վարչական ակտերը դատարանի վճռով անվավեր ճանաչվելու և նրանց պաշտոնում վերականգնելու դեպքերը:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերը դարձել են հանրային քննարկման առարկա և օբյեկտիվ ու սուբյեկտիվ քննադատությունների և մեկնաբանությունների թիրախ, ուստի դրանց շուրջ ձևավորված ավելորդ հետաքրքրությունն ու հանրային թիրախավորման արհեստականությունը բացառելու համար հարկ ենք համարում դրանց վերաբերյալ ներկայացնել օբյեկտիվ ու հանրության կողմից բազմակողմանի կարծիք կազմելու համար անհրաժեշտ որոշակի տեղեկություններ:

ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի 22.12.2020թ. որոշումներով աշխատանքից ազատվել են «Ճարտարի ազատամարտիկների անվան թիվ 1 միջնակարգ (հոսքային) դպրոց», «Մարտունու շրջանի Ճարտարի Հ.Հարությունյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց», «Մարտունու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենություն», «Մարտունու մանկապատանեկան մարզադպրոց» և «Մարտունու շրջանի Հաղորտու Ա.Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենները:

Հիշյալ կազմակերպությունների տնօրենները 01.02.2021թ. հայցադիմում են ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վարչակազմի ղեկավարի որոշումն անվավեր ճանաչելու խնդրանքով:

Պատասխանողի մասնակցությամբ քննելով ներկայացված հայցերը, դատարանը հիմնավորված է համարել, որ  պաշտոնից ազատված՝

ա) 1968թ. ծնված Գ.Մ.-ն Արցախի Հանրապետությունից բացակայել է 2020թ. հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 11-ը, 17.08.2020թ. տարել է սրտի վիրահատություն, առկա էր անաշխատունակության թերթիկ, ԱՀ տարածքը լքել էր ԱՀ պարետի թույլտվությամբ, ինչպես նաև բժշկի կողմից ցուցված էր երկատաև բուժում,

բ) 1958թ. ծնված Հ.Ա.-ն ԱՀ-ից դուրս էր եկել 08.11.2020թ.-ին և վերադարձել 11.11.2020թ., ՀՀ քաղաք Երևան մեկնել էր վիրավորված փեսային տեսակցելու համար,

գ) 1963թ. ծնված Մ.Ա.-ն Արցախի Հանրապետությունից դուրս էր եկել 27.10.2020թ. և վերադարձել 15.11.2020թ., երրորդ կարգի հաշմանդամ է, տառապում է ինսուլինապահանջի ձևով շաքարային դիաբետով, ԱՀ առողջապահության նախարարի կողմից ուղեգրվել էր Երևանի «Աստղիկ» ԲԿ՝ սրտի աորտակորոնարշունտավորումից հետո բուժհետազոտություն անցնելու համար,

դ) 1960թ. ծնված Լ.Տ.-ն ԱՀ-ից բացակայել էր 2020թ. հոկտեմբերի 18-24-ը՝ մարտական դիրքում գտնվող փեսայի ընտանիքը ՀՀ քաղաք Երևան տեղափոխելու համար, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 4-12-ը՝ վիրավորված մյուս փեսային Երևան ուղեկցելու և դստեր երեխաներին խնամելու նպատակով,

ե) 1960թ. ծնված Վ.Ղ.-ին աշխատանքից ազատելու մասին վարչական ակտում բացակայում է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու որևէ իրավական հիմք և պատճառ, Մարտունու շրջանի վարչակազմը դատարանին չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Վ.Ղ.-ն չի կատարել իր պարտականությունները կամ տրված հանձնարարականները կամ երեք օր անընդմեջ առանց հարգելի պատճառի չի ներկայացել աշխատանքի կամ լքել է ԱՀ տարածքը, աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու կապակցությամբ Վ.Ղ.-ից բացատրություն չի ստացվել:

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հիշյալ դատական ակտերը Մարտունու շրջանի վարչակազմի կողմից բողոքարկվել է ԱՀ վերաքննիչ դատարան, որի քննության արդյունքում կայացվել են բողոքը մերժելու մասին որոշումներ:

ԱՀ վերաքննիչ դատարանի որոշումների դեմ Մարտունու շրջանի վարչակազմի կողմից բերվել են վճռաբեկ բողոքներ, որոնք դատարանի որոշմամբ վարույթ չեն ընդունվել:

Այդպիսով, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անօրինական են ճանաչվել Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի՝ վերոհիշյալ կազմակերպությունների տնօրեններին պաշտոնից ազատելու մասին վարչական ակտերը, ինչպես նաև սահմանվել է նրանց պատճառված գույքային վնասի հատուցման պարտականություն, որի չափը կազմելու է բավականին մեծ գումար:

Նկատի ունենալով, որ Մարտունու շրջանի վարչակազմը չի կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պահանջը, վերոհիշյալ կազմակերպությունների տնօրենների կողմից ԱՀ դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա ԱՀ գլխավոր դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:

Իր հերթին Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարը գրավոր հաղորդում էր ներկայացրել ԱՀ դատախազություն հիշյալ կազմակերպությունների տնօրենների կողմից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ նույնպես հարուցվել են քրեական գործեր, ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից տարվում է նախաքննություն:

Վերոգրյալի հիման վրա ԱՀ դատախազությունը մեկ անգամ ևս հայտարարում է՝ ԱՀ-ում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները տարանջատված են, պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց վրա դրված պարտականությունները, Արցախի Հանրապետության սահմանադրական ինստիտուտների անշեղ գործողությունն ու պետականության անսասանելիությունն ապահովելու գիտակցումը պետք է լինի յուրաքանչյուր պաշտոնատար անձի ծառայողական և արտածառայողական վարքի ու գործունեության առանցքը, անընդունելի են երկխոսության և Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին վարկանիշի անսակարկելիության կարևորության ներկայացման փոխարեն հանրային հույզերն ու մտահոգությունները սուբյեկտիվ նպատակներով օգտագործելու բոլոր դրսևորումները: Վստահաբար պնդում ենք՝ Արցախի Հանրապետության պետականությունը ձեռք է բերվել ԱՀ յուրաքանչյուր քաղաքացու անհատական մասնակցությամբ և անչափելի թանկ գնով, հետևաբար մեզանից յուրաքանչյուրի համար այն պետք է լինի գերակա է և անսակարկելի: