ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
2021 թվականի հունվարի 22-ին, ժամը 00.05-ին, անհայտ անձը զանգել էր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն և հաղորդել նույն քաղաքի Հ.Բաղրամյանի փողոցում, Եղբայրական գերեզմանոցի աստիճանների մոտակայքում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արթուր Ապրեսյանի դիակը հայտնաբերելու վերաբերյալ:
Կատարված դեպքի վայրի զննությամբ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված` ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնիե նորակառույց շենքի դիմացի ճանապարհահատվածին կայանված <Հունդայի> մակնիշի ավտոմեքենայի սրահում, վարորդի նստատեղում, հայտնաբերվել է Ա.Ապրեսյանի դիակը` գլխի քունքային հատվածում հրազենային վնասվածքով, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ /Ինքնասպանության հասցնելը/, 22.01.2021թ. ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության պետի կողմից հարուցվել էր քրեական գործ, որի նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում էր ԱՀ Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:
Հիշյալ քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը և դատավարական ղեկավարումը ԱՀ գլխավոր դատախազի որոշմամբ 23.02.2021թ. փոխանցվել է ԱՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: