ԿԱՏԱՐԵԼ Է ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մարտակերտ քաղաքի բնակիչ Էրիկ Գևորգյանը 2021 թվականի փետրվարի 17-ին, ժամը 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, ներկայացել է Մարտակերտ քաղաքի Վ. Գալստյան-11 հասցեում տեղակայված առանձնատան բակ, որտեղ առաջացած վիճաբանության ընթացքում, դիտավորությամբ` ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, իր մոտ պահվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հովիկ Սարգսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: 19.02.2021թ. Էրիկ Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասով /Սպանությունը/: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի դատախազությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: