Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

Սույն թվականի ապրիլի 5-ին ԱՀ դատախազության կայքում տեղեկություն էր հրապարակվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների բնակիչներին ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվող դրամական աջակցության համար հիմք ծառայած` ԱՀ Շուշիի համայնքի ղեկավարի կողմից ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված ցուցակներում հիշյալ որոշմամբ շահառուներին ներկայացվող պահանջները չբավարարող թվով 7 անձի ներառելու, դրա հիման վրա վերջիններիս կողմից 300.000-ական դրամ գումար ստանալու և նկարագրված դեպքի կապակցությամբ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 5-րդ մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի  5-րդ մասով և 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին (հղումը այս հասցեով. https://prosecutornk.am/%d5%b0%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d6%81%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d6%84%d6%80%d5%a5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%a5%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/):

Հրապարակումից հետո դատախազությանն ուղղված հարցերի և Շուշիի համայնքի ղեկավար Արծվիկ Սարգսյանի` լրատվամիջոցին տված «մեկնաբանության» կապակցությամբ (հղումը այս հասցեով. https://infoport.am/am/news/right/paterazmi-zhamanak-ayd-datakhazutyuny-padvalnerum-er-shushii-qaghaqapety-ir-dem-harucvats-qrgortsi-masin?fbclid=IwAR0CSoqdqw_jwrRMwqqKKS5mRTiBT2OsiwWNcFTjqkERPwV5KvThSspSe5U) պարզաբանում ենք հետևյալը. քրեական գործի հարուցման հիմք հանդիսացող նյութերում որևէ տեղեկություն չկա պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հափշտակության դեպքի մասին, ինչպես մեկնաբանվում են դատախազությանն ուղղված տարբեր հարցադրումներում: Իրավապահ մարմնին ուղղված հաղորդման քննարկման ընթացքում կատարվել են հարցումներ, վերցվել են բացատրություններ, որոնց ընթացքում յոթ քաղաքացիներ հայտարարել են տարիներ շարունակ Շուշի քաղաքում չբնակվելու, սակայն այդ ցուցակներում ներառվելու մասին: Վերոհիշյալ հանգամանքները հիմք են հանդիսացել տվյալ դեպքի կապակցությամբ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով քրեական գործ հարուցելու համար: Հատկանշական է, որ նմանատիպ դեպքերի առնչությամբ քրեական գործեր են հարուցվել ոչ միայն Շուշիի, այլև Ասկերանի, Մարտակերտի ու Հադրութի շրջանների մի շարք համայնքների ցուցակներում վեր հանված անճշտությունների կապակցությամբ, հետևաբար անհիմն են Շուշիի համայնքի ղեկավարի` քրեական գործի հարուցմանը այլ երանգներ տալու փորձերը:

Դատախազությունն ընդամենը հրապարակել է այն տեղեկությունները, որոնք հիմք են հանդիսացել ԱՀ ոստիկանության կողմից քրեական գործ հարուցելու համար, հրապարակված տեղեկությունը ենթակա է նախաքննության շրջանակում մանրակրկիտ քննության, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պարտադիր հնարավորություն կընձեռի Ա. Սարգսյանին` ներկայացնելու նաև իր փաստարկներն ու պարզաբանումները: