Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀԱՎԱՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ

Հաշվի առնելով, որ Ստեփանակերտ քաղաքում այսօր նախատեսված է հավաք, ուստի հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին հորդորում և խնդրում ենք հանրային հավաքի ողջ ընթացքում ձեռնարկել բոլոր միջոցները այլոց իրավունքներն ու ազատությունները անհամաչափ սահմանափակելու դրսևորումներից զերծ մնալու և ԱՀ-ում գործող օրենսդրության պահանջների խախտումները բացառելու ուղղությամբ։ Համոզված ենք, որ ԱՀ ոստիկանությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր միջոցները հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց հիմնական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար։

Միաժամանակ հիշեցնում ենք.

,,Հավաքների ազատության մասին,, ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն`

  1. Հավաքի մասնակիցը պարտավոր է`

1) հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ.

2) կատարել հավաքի ղեկավարի, կարգադրիչների՝ կարգ ու կանոնի պահպանման վերաբերյալ ցուցումները.

3) ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպատակաուղղված են հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելուն.

4) հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.

5) հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.

6) չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

Նույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն`

,,1. Հավաքի ղեկավարը`

1) որոշում է հավաքի ընթացքը, մասնավորապես, ձայն է տրամադրում ելույթ ունեցողներին և որոշում նրանց ելույթների հերթականությունը.

2) պարտավոր է ներկա լինել հավաքին և հասանելի լինել ոստիկանության ներկայացուցչի համար.

3) հավաքի ընթացքում պարտավոր է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես, հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով.

4) իրավունք ունի դիմելու ոստիկանության ծառայողներին` հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, որոնք կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը.

5) պարտավոր է հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին,,:

Նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն`

,,1. Ոստիկանությունը պարտավոր է`

1) հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմնին.

2) ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը հավաքին.

3) հավաքի անցկացման վայրից հեռացնել այն անձանց, որոնք կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, եթե այլ կերպ հնարավոր չէ ապահովել այն.

4) ապահովել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը։

  1. Եթե հավաքն անցկացվում է սույն օրենքի 2-րդ գլխով նախատեսված իրազեկմանը վերաբերող պահանջների խախտմամբ, ապա ոստիկանությունը պարտավոր է բարձրախոսով տեղեկացնել, որ հավաքն անօրինական է, և որ մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության։ Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին,,: