Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԻՆՔՆԱՁԻԳԻՑ ԿՐԱԿՈՑՆԵՐ Է ԱՐՁԱԿԵԼ` ՊԱՏՃԱՌԵԼՈՎ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

2021 թվականի փետրվարի 14-ին, ժամը 23:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Ռոբերտ Հարությունյանը գտնվելով նույն քաղաքի Վ. Խաչատրյան-15 հասցեի դիմացի հատվածում, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իր մոտ ապօրինի պահվող <<АК-74>> տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել նույն հասցեում տեղակայված հանրային սննդի կետի ուղղությամբ, որի հետևանքով հանրային սննդի կետի դիմացի հատվածում գտնվող՝ ԱՀ Մարտունի քաղաքի բնակիչներ Գևորգ Հայրապետյանն ու Մարատ Ավետիսյանը ստացել են հրազենային-գնդակային մարմնական վնասվածքներ:

Նկատի ունենալով, որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով և ԱՀ քր. օր-ի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, 15.02.2021թ. հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով գործի բարդությունն ու մեծածավալ լինելը՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Ռոբերտ Հարությունյանը ձերբակալվել է, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:

Տվյալ քրեական գործով դատախազական հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ Մարտունու շրջանի  դատախազը:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: