Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՈՎ

ԱՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության լիազորություններից է նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը: Սահմանադրական հիշյալ գործառույթի իրացման շրջանակում դատախազության կողմից պարբերաբար շրջայցեր են կատարվում ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկ և քննչական մեկուսարան, որի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ բոլոր դատապարտյալների և կալանավորված անձանց հետ:

2019թ. կազմակերպված նման հանդիպումների և առանձնազրույցների ընթացքում դատապարտյալները բարձրացրել են մի շարք հարցեր և բողոքներ, որոնք խմբավորվել են հետևյալ հաջորդականությամբ.

ա) քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման պայմանների՝  օրենքով սահմանված չափորոշիչների խախտումներ,

          բ) դատապարտյալների՝ պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքի խախտումներ,

          գ) դատապարտյալների՝  հանձնուքներ և ծանրոցներ ստանալու իրավունքի սահմանափակման դեպքեր,

          դ) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի ոչ թափանցիկ ու քրեակատարողական հիմնարկի վարչակազմի մոտեցումների ոչ միասնական լինելու դրսևորումներ,

          ե) քրեակատարողական ուղղիչ հիմնարկի տեսակը դեպի մեկուսացվածության առավել ցածր աստիճանի փոխելու՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վարչարարության ընթացքում կամայականության դրսևորման դեպքեր,

          զ) իրենց քաղաքացիության երկրում պատիժ կրելու դատապարտյալի իրավունքի իրացման իրավական խոչընդոտներ,

          է) քրեակատարողական հիմնարկում կանանց  (այդ թվում՝  հղիների) պահելու պայմանների բացակայության հետևանքով իրավունքի խախտման դեպքեր:

Դատապարտյալների կողմից ներկայացված բողոքների գերակշիռ մասը քննարկվել և դրանց լուծում է տրվել անմիջապես, առանձին դեպքերում դրանց լուծմանը ներգրավվել են նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ԱՀ ոստիկանությունը և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Արցախյան ներկայացուցչությունը:

Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ կան դատապարտյալների իրավունքների խախտման մի շարք դեպքեր, որոնք հնարավոր է բացառել քրեակատարողական օրենսգրքում, քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների պահման գործընթացը կարգավորող ներքին կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու, առկա իրավական կարգավորումները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արդի չափորոշիչներին համապատասխանեցնելու եղանակով: Այդ նպատակով դատախազության կողմից գրավոր միջնորդություն է ներկայացվել ինչպես ԱՀ պետական նախարարին, այնպես էլ պատիժն ի կատար ածող մարմնի՝ ԱՀ ոստիկանության պետին:

Ինչ վերաբերում է կալանավորված անձանց, ապա վերջիններս որևէ բողոք չեն ներկայացրել արգելանքի տակ պահելու ընթացքում քննչական մեկուսարանի վարչակազմի կողմից իրենց իրավունքների խախտման կամ սահմանափակման դեպքերի վերաբերյալ: