Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼ Է ԱՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ 2019Թ. ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

ԱՀ դատախազությունում ուսումնասիրվել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան)՝ 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Դատախազությունը կիսում է հաղորդման մեջ ներկայացված՝ անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը և դրանց լիարժեք ապահովման համար լրացուցիչ երաշխիքների ներդրման անհրաժեշտությանը վերաբերող Պաշտպանի մտահոգությունները:
Մասնավորապես, կարևոր և ուշադրության արժանի են խոշտանգման արգելքի խախտման դեպքերի և խոշտանգման կանխարգելմանն ուղղված միջոցառումների անբավարարության շուրջ Պաշտպանի մտորումները: Այդ առումով ընդունելի է նաև քրեական գործի հարուցման փուլի դատավարական հնարավորությունների շրջանակում խոշտանգման դեպքերի վերաբերյալ հաղորդումների լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության անհնարինության շուրջ արված եզրահանգումը: Այս խնդրի հետագա բացառման համար ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից տրվել է խոշտանգման դեպքերի քննության ընթացքում դատավարական ողջ գործիքակազմի կիրառման հնարավորություն ապահովելու հանձնարարական:
Դատախազությունը նույնպես ողջունում է քրեակատարողական վարչությունը ԱՀ ոստիկանության կազմից արդարադատության նախարարության կառավարչական իրավասությանը հանձնելու գործնական և իրավական քայլերը, որոնց շրջանակում իրավասու մարմինների քննարկմանը հանձնելու համար նախապատրաստվել է օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների փաթեթ, որոնցում ներառված են նաև պատժի հետագա կրման համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու վարչարարության որոշակիությանն ու կանխատեսելիությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին և դատապարտյալների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը:
Քրեակատարողական հիմնարկում խանութի կամ կրպակի բացակայությունը տևական ժամանակ հանդիսանում էր դատապարտյալների՝ քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված, քրեակատարողական հիմնարկի խանութից կամ կրպակից գնում կատարելու իրավունքի սահմանափակման լրջագույն պատճառ, ինչն արձանագրվել էր նաև Պաշտպանի կողմից: Հիշյալ խնդիրը բացառելու համար ԱՀ դատախազության կողմից ԱՀ ոստիկանությանը և գործադիր իշխանությանը ներկայացվել էր գրավոր միջնորդագիր, որի քննարկման արդյունքում 16.04.2020թ. (Պաշտպանի տարեկան զեկույցը հրապարակվելուց հետո) ԱՀ կառավարության կողմից փոփոխություն էր կատարվել «Ոստիկանության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» 2008թ. հուլիսի 5-ի N 510-Ն որոշման մեջ՝ այդպիսով հնարավորություն տալով դատապարտյալներին հանձնուքի տեսքով ստանալ այն առարկաները, որոնք նրանք նախկինում կարող էին ձեռք բերել բացառապես քրեակատարողական հիմնարկի խանութից կամ կրպակից:
Պաշտպանի հաղորդման մեջ ներկայացված՝ քրեակատարողական հիմնարկում բժշկական ծառայության անբավարարության, դատապարտյալների զբոսանքի վայրերի ոչ բավարար կահավորվածության, հղիների և առողջական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ սննդակարգի բացակայության հետ կապված հարցերը գրավոր միջնորդագրերի ու հաղորդումների տեսքով դատախազության կողմից 2019թ. ներկայացվել էր ԱՀ գործադիր իշխանությանը, որոնց լուծման ուղղությամբ առաջիկայում կձեռնարկվեն գործուն քայլեր:
Ձերբակալված անձանց պահման վայրերում Պաշտպանի կողմից արձանագրված խախտումներն այսուհետ բացառելու համար ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից համապատասխան հանձնարարական է տրվել ԱՀ քաղշրջդատախազներին:
Դատախազությունն ի գիտություն է ընդունել նաև մինչդատական վարույթում կալանավորման ու գրավի կիրառության պրակտիկայի վերաբերյալ Պաշտպանի հետևությունները՝ առաջիկայում այդ ուղղությամբ համապատասխան վերլուծություններ կատարելու և անհրաժեշտության դեպքում պրակտիկ մոտեցումների ու կալանավորման հիմքերի վերանայման համար:
Դատախազությունը դատապարտում և անընդունելի է համարում անմեղության կանխավարկածի սկզբունքի խաթարման ցանկացած դրսևորում, որը կարող է առերևույթ տպավորություն հարուցել անձի մեղավորության մասին՝ նախքան դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Դատախազության պաշտոնական հրապարակումներում անմեղության կանխավարկածի, տեղեկատվության ազատության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության, նախնական քննության գաղտնիության և հանրային շահի սկզբունքների հավասարակշռված պահպանության միասնական մոտեցում և կանոններ սահմանելու համար նախապատրաստվում է համապատասխան հրաման:
Գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է լրացուցիչ ուսումնասիրել Պաշտպանի հաղորդման մեջ տեղ գտած՝ հայր ծնողի կողմից փոքրահասակ երեխային մետաղյա լարով կապկպելու և ծառից կախելու դեպքի շուրջ նախապատրաստված նյութերը՝ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման վերացման հարցը քննարկելու համար:
Ինչ վերաբերում է Պաշտպանի տարեկան հաղորդման եզրափակիչ մասում ներկայացված նկատառումներին, ապա ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակում դատախազությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու դրանց իրագործմանն ու մարդու իրավունքների և ազատությունների անշեղ իրացման որակական նոր մակարդակ ձևավորելու Պաշտպանի ջանքերին: