Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Այսօր ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հանրահավաք կազմակերպելու և նախագահի կողմից ելույթ ունենալու մասին։ Նույն վայրում երեկոյան ժամը 19:00-ին հավաք անցկացնելու հայտարարությամբ են հանդես եկել նաև երեկվա հավաքի մասնակիցները:

Սոցիալական ցանցերում վերոհիշյալ հավաքներին տրվում են տարբեր բնութագրություններ, մեկնաբանություններ, ոմանք անթաքույց ակնարկում են բախումների հավանականության մասին: Կոչ ենք անում զերծ մնալ երկրի` առանց այն էլ փոթորկված ներքին վիճակը ապակայունացնող ցանկացած քայլից ու վարքագծից, ցուցաբերել զսպվածություն, խոհեմություն, անկախ քաղաքական և այլ հայացքներից՝ հավաքի հարթակում լինել միասնական ու համախմբված, այլակարծությունը հանդուրժող և փոխըմբռնող: Մենք չունենք պառակտվելու իրավունք և պարտավոր ենք մնալ օրինականության դաշտում՝ հավաքների ազատության ու արտահայտվելու իրավունքի ազատ իրացման ընթացքում զերծ մնալով այլոց իրավունքներին ու օրինական շահերին անհամաչափ վնաս հասցնելուց:

Հավաքի ընթացքում հասարակական կարգի պահպանության գործին ներգրավված իրավապահ մարմիններին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում ապահովել հավաքի ու դրա մասնակիցների անվտանգությունը: