Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ՃԱՆԱՉՎԱԾ ԱԿՏԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿՐԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը պարբերաբար ուսումնասիրում է ԱՀ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների ու որոշումների հիման վրա ոչ իրավաչափ ճանաչված՝ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հիմք հանդիսացած այն ակտերը, որոնց կատարման նպատակով Արցախի Հանրապետության պետական բյուջեից հօգուտ հայցվորների բռնագանձվել են հարկադիր պարապուրդի գումարներ:
Նկատի ունենալով, որ վերոնշյալ ոչ իրավաչափ ակտերի կատարման հետևանքով պետությունը կրել է գույքային վնասներ, ուստի ԱՀ դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից պետական համապատասխան մարմիններին ուղարկվել են ապօրինի ակտեր ընդունած պաշտոնատար անձանց նկատմամբ հետադարձ գույքային պահանջ ներկայացնելու առաջարկություններ:
Դատախազության մասին ԱՀ օրենսդրության համաձայն, իրավասու մարմինների կողմից ողջամիտ ժամկետում հայց չներկայացվելու դեպքում ապօրինի վարչական կամ անհատական իրավական ակտն ընդունած անձի նկատմամբ նյութա-իրավական պահանջը ներկայացվելու է դատախազության կողմից:
Միաժամանակ հայտնում ենք, որ այս գործընթացը կրելու է շարունակական և պարբերական բնույթ:
Արցախի Հանրապետության բյուջեի միջոցները <<հանրային սեփականություն>>  են, որոնք պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից պետք է օգտագործվեն խնայողաբար, առավելագույնս բացառելով այնպիսի որոշումների ընդունումն ու գործողությունների (անգործության) կատարումը, որոնք կարող են պետության համար հավելյալ (ոչ անհրաժեշտ) պարտականություններ ծնել: