Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏԸ

Օգոստոսի 14-ին տեղի ունեցավ դատախազության կոլեգիայի նիստ, որտեղ ամփոփվեցին ԱՀ դատախազության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:


Նիստը բացեց գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանը:
Իրենց համակարգման ոլորտներում կատարված աշխատանքի մասին զեկուցումներով հանդես եկան գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը, Նարեկ Հարությունյանը, Սասուն Գաբրիելյանը և Արամայիս Ավագյանը:
Նշվեց, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 525 դեպք (2019թ. նույն ժամանակահատվածում` 456), որը կազմում է 10.000 բնակչի հաշվով միջինը 35.3 հանցագործություն:
Հանցավորության շարժընթացի վերլուծությամբ պարզ է դարձել, որ ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 5 դեպք` նախորդ տարվա 3-ի դիմաց, ծանր հանցագործությունների` 36 (25), միջին ծանրության հանցագործությունների` 183 (129) և ոչ մեծ ծանրության հանցագործությունների` 286 (288) դեպք: Ըստ այդմ` համեմատական ժամանակահատվածում առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 2-ով, ծանր հանցագործությունները` 11-ով, միջին ծանրության հանցագործությունների թիվը` 54-ով, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները նվազել են 2 դեպքով:

Միաժամանակ հատկանշվել է, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում հանրապետության տարածքում գրանցված 525 հանցագործության դեպքից միայն 41-ն է եղել ծանր և առանձնապես ծանր (նախորդ տարվա 1-ին կիսամյակում այս հարաբերակցությունը եղել է 456 -28):
Արձանագրված հանցագործությունների բացահայտման ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է՝ կազմելով 93,9 տոկոս (95,3 տոկոս): Տվյալ համատեքստում նշվել է, որ հանցագործությունների բացահայտմման աշխատանքներում առկա թերությունները խոչընդոտում են երկրում պատշաճ քրեական քաղաքականության իրականացմանը, նվազեցնում հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերի արդյունավետությունը, նպաստավոր պայմաններ ստեղծում նոր հանցագործությունների կատարման համար: Ստեղծված իրավիճակը շտկելու և հանցագործություների բացահայտման աշխատանքները ակտիվացնելու համար առաջնահերթ խնդիր է համարվել նախաքննության և օպերատիվ-հետախուզական աշխատանքների որակի կտրուկ բարելավումը, նախաքննական և հետաքննական մարմինների հետ սերտ համագործակցությունը, քննության ճիշտ պլանավորումը, բոլոր վարկածների մշակումն ու դրանց օպերատիվ ստուգումը:
Զեկուցումների առնչությամբ տալով համապատասխան հանձնարարականներ` գլխավոր դատախազն այդ շրջանակում նաև շեշտել է աշխատանքային կարգապահության բարձրացման ու կորոնովիրուսային համավարակի պահանջների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:
Ըստ օրակարգի` նիստի վերջում տեղի ունեցավ դատախազության նորանշանակ չորս աշխատակիցների երդման արարողություն: