Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մարտի 14-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության դատախազության կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեցին հաշվետու ժամանակաշրջանում դատախազության մարմինների  կատարած աշխատանքի արդյունքները:

Նիստը բացեց ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը:

Գլխավոր դատախազի տեղակալ Մարատ Դավթյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի և ԱՀ ԱԱԾ կողմից 2022 թվականին իրականացված մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության և միջազգային-իրավական կապերի ապահովման վիճակը: Իսկ հատուկ քննչական բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը զեկուցեց բաժնում կատարված աշխատանքների մասին՝  նշելով առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր դատախազության կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գալստյանի զեկուցումը կոռուպցիոն, տնտեսական գործունեության, պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գործերով և պետական շահերի պաշտպանության ոլորտում 2022 թվականին կատարված աշխատանքների շուրջ էր,  որի շրջանակում նա հնչեցրեց դատախազական աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ:

Հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետությունում արձանագրված՝ մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների դեպքերի վերլուծությամբ հանդես եկավ  գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված և ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնի պետ Նորայր Պողոսյանը:

Ըստ օրակարգի՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում կատարված աշխատանքների մասին զեկուցեց գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ Լորետա Բարսեղյանը:

ԱՀ դատախազության աշխատակազմի վիճակագրության, վերլուծության, արարողակարգի և անձնակազմի հարցերով բաժնի պետ Լալա Բաղդասարյանը ելույթ խնդրելով՝ նիստի մասնակիցներին ներկայացրեց դատախազության ստորաբաժանումների հետ համագործակցության հետագա արդյունավետությանը վերաբերող առաջարկներ:

Ամփոփելով կոլեգիայի աշխատանքները, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար  Կարեն Գաբրիելյանը, կարևորեց քրեական վարույթում նախաքննության սահմանների,  ինչպես նաև ապացուցման սահմանների ու ապացուցման առարկայի պահպանումը: Եթե նախաքննության ժամկետները երկարացվում են, ապա միջնորդությունների մեջ պետք է պարտադիր նշել, թե երկարացումն ինչ հանգամանք պարզելու համար է արվում, այդ հանգամանքն ինչ նշանակություն ունի գործի ճիշտ լուծման համար, ինչ քննչական գործողություններ են անհրաժեշտ տվյալ հանգամանքը  պարզելու և ինչքան ժամանակ է  պետք քննչական  գործողությունների կատարման համար:

Գլխավոր դատախազի պաշտոնակատարը շեշտեց նաև նախաքննության ժամկետների պահպանման կարևորությունը, քանի որ ուշացված  արդարադատությունը բացասաբար է անդրադառնում պատժի նպատակների իրագործմանը և ավելորդ դատավարական ռեսուրսներ է ծախսում, ուստի պետք է կանխել նման հնարավոր հետևանքները:

Կ. Գաբրիելյանը միաժամանակ նշեց, որ քրեական գործի հարուցման  փուլում ճիշտ որակում տալը էական նշանակություն ունի նախաքննությանը ճիշտ ուղղություն տալու համար,  հետևաբար պետք է  քննիչների հետ սինխրոն աշխատել:

Նիստի վերջում տեղի ունեցավ երկու նորանշանակ դատախազների՝ հանդիսավոր պայմաններում երդման արարողություն: