Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

Հնարավոր է կարճ ժամկետում օրենքի գերակայության բավարար մակարդակ սահմանել և շեմը պահպանել

Հանրությանը հուզող մի շարք հարցերի և Արցախում օրինականության, օրենքի գերակայության խնդիրների շուրջ «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ:

—Պատերազմից առաջ հեռացել էիք դատախազական բնագավառից, 

իսկ 2021 թ. փետրվարին ընտրվել ԱՀ դատախազ: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր վերադարձը դատախազական համակարգ:

-Ես մոտ 13 տարի աշխատել եմ  դատախազության համակարգում, և այնպես չէ, որ դատախազության համակարգից հեռացել եմ աշխատանքից հոգնած լինելու կամ այլ պատճառներով: Փորձել եմ նաև իրավապաշտպան գործունեության մեջ իմ հնարավորություններն ու գիտելիքներն օգտագործել: Ընդամենը 2 ամսվա գործունեություն եմ իրականացրել այդ ոլորտում, և, դժբախտաբար, ամեն ինչ խախտվեց սեպտեմբերյան պատերազմն սկսվելուց հետո: Պատերազմի ողջ ընթացքում ևս իրականացրել եմ իրավապաշտպան գործունեություն և աջակցություն ցուցաբերել ՀՀ տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, նաև՝ փաստահավաք առաքելություն իրականացրել: Պատերազմից հետո, ստանալով դատախազության բնագավառում իմ գործունեությունը շարունակելու առաջարկ և հաշվի առնելով, որ կարող եմ կարևոր ներդրում ունենալ այդ համակարգի զարգացման և դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, ընդունել եմ առաջարկը: Թեև դատախազության համակարգից դուրս գալուց հետո ընդհանրապես չէի մտածում, որ նորից կվերադառնամ:

—Ձեր պաշտոնավարումից հետո նկատելիորեն ակտիվացել է 

դատախազության գործունեությունը, գործեր են հարուցվում 

հատկապես բյուջեի չարաշահումների հետ կապված: 

Բայց հարուցված գործերը դեռևս  դատարան չեն հասել: 

Չե՞ք կարծում, որ դրանով նվազում է

 հասարակության վստահությունը արդարադատության նկատմամբ:

-Չգիտեմ որտեղի՞ց եք եզրակացնում հասարակական այդպիսի կարծիքի մասին: Իրականում ես ունեմ հակառակ կարծիք. հանրությունը բավականին լավ արձագանքում է: Նման ազդակներ մենք ստանում ենք և քաղաքացիների ընդունելության ժամանակ, և տարբեր այլ հանդիպումների ու քննարկումների ժամանակ: Հանրությունը շատ լավ տեղյակ է, որ մեծածավալ աշխատանք է կատարվում կոռուպցիայի դեմ, պաշտոնական լիազորությունների չարաշահման, հափշտակությունների դեմ պայքարում: Այս պահի դրությամբ իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված է: Վերջին ամիսների գործերի ծավալը համեմատելի է նախորդ մի քանի տարվա աշխատանքի ծավալին: Նման պայմաններում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ինչ-որ քրեական գործերով դատարաններում վճիռներ ակնկալելը կամ իրավաչափ այդպիսի ակնկալիք ունենալն այնքան էլ հիմնավոր չէ: Վստահ եմ, որ հանրությունը ևս գիտակցում է, որ քննության ողջամտության սահմաններում և ողջամիտ ժամկետներում քրեական գործերը բնականաբար կուղարկվեն նաև դատարան:

—Ողջամիտ ժամկետն ինչքա՞ն է:

-Մենք քրեական գործեր ունենք, որոնք քննվել են մեկ-երկու տարի: Երբ խոսքը վերաբերում է տնտեսական կամ պաշտոնեական հանցագործություններին, որոնք քննության հատուկ մեթոդներ և որոշակի տևական փորձաքննություններ են ենթադրում, դրանց պատճառով ձգձգվում են: Մենք գրեթե բոլոր տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների վերաբերյալ գործերով նշանակում ենք և պարտավոր ենք նշանակել դատահաշվապահական փորձաքննություն՝ այն դեպքում, երբ Արցախում դատահաշվապահական փորձաքննություն կատարող փորձագետ չկա: Մենք ստիպված ենք մասնագետ ներգրավել ՀՀ-ից, իսկ շատ հաճախ ՀՀ փորձագիտական հիմնարկներում մեզ տեղեկացնում են, որ ուղարկված փորձաքննությունը կարող են սկսել 6 ամիս հետո: Ունենք հարուցված քրեական գործ, որը վերաբերում է տասնյակ միլիոններով հարկերից խուսափելու ենթադրյալ հանցավոր դեպքի, որի կապակցությամբ ամիսներ շարունակ որևէ կերպ չենք կարողանում դատահաշվապահական փորձաքննություն ստանալ:

Ցանկացած քրեական գործով, որով հնարավոր է քննության ընթացքն ապահովել առանց փորձագիտական հետազոտությունների, շատ արագ կազմակերպվում է: Թող տպավորություն չստեղծվի, որ ես այդ կերպ փորձում եմ հետագա ձգձգումներն արդարացնել: Իրականում՝ ոչ: Մենք նաև պետական նախարարի հետ քննարկել ենք փորձագիտական հիմնարկի հնարավորությունների ընդլայնման հարցը:

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ունենք պետությանը վնաս պատճառելու տեսքով արտահայտված հանցագործությունների դեպքեր ու քրեական գործեր, որոնցով արդեն մի մասով վերականգնվել են պատճառված վնասները, մյուս մասով առաջիկայում կվերականգնվի: Խոսքը վերաբերում է տասնյակ միլիոնների մասին: Հիմնական առաջնահերթությունը դնում ենք արդյունքի վրա՝ հաշվի առնելով, որ հետագա քննությունը կարող է տարբեր պատճառներով ձգձգվել կամ ուշանալ, բայց գոնե վնասները հատուցվեն և վերականգնվեն պետական բյուջե:

—Իսկ հարուցված քրեական գործերից քանիս՞ն են դատարան

 ուղարկվել, և արդյո՞ք արդարացման դեպքեր կան:

-Ընդամենը վեց ամիս է, ինչ զբաղեցնում եմ գլխավոր դատախազի պաշտոնը, և առաջին մոտ երկու-երեք ամսվա ընթացքում հիմնականում դատախազության համակարգի կադրային քաղաքականությանը, կառուցվածքին ու գործունեության ուղղություններին եմ ուշադրություն դարձել: Վերջին չորս ամիսների ընթացքում է ակտիվ գործունեություն սկսվել իրականացվել այդ ուղղությամբ: Հարուցված բոլոր քրեական գործերով դեռևս նախաքննություն է իրականացվում, դատարան քրեական գործերը չեն ուղարկվել ու, բնականաբար, դրանցով արդարացման դեպքեր չեն եղել:

Հարցազրույցը՝ Տաթևիկ Աղաջանյանի

https://aparaj.am/hnaravor-e-kartch-zhamketum-orenkhi-gerakayuthyan-bavarar-makardak-sahmanel-ev-shemeh-pahpanel/