Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սույն թվականի հունիսի 5-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքում արձանագրվել էր ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպք:

Ներկա փուլում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքներով պարզվել է, որ 05.06.2021թ. ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա.-ն ,,ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ,, մակնիշի ռուսական հաշվառման համարանիշի ավտոմեքենայով անցնելով ԱՀ Ստեփանակերտ քաղաքի ,,Զառուն բաղ,, կոչվող վայրում տեղակայված սահմանային անցակետով, ,,Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքից դուրս գալու կանոնները սահմանելու մասին,, ԱՀ Կառավարության 30.04.2019թ. N-319-Ն որոշմամբ սահմանված կարգով ծառայություն իրականացնող՝ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անցագրային հսկիչ կետի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Լ.Ա.-ի՝ մեքենայի վարորդի և ուղևորի անձնագրերը ներկայացնելու օրինական պահանջի առնչությամբ վիճաբանության մեջ է մտել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող վերոհիշյալ ոստիկանի հետ, նրա կրծքավանդակին հարվածելու և քաշքշելու եղանակով գործադրել կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ պատճառելով նրան ֆիզիկական ցավ: Այնուհետև, շարունակելով իր հանցավոր գործողությունները, ավտոմեքենայից վերցրել ու նախ գործադրելու սպառնալիքով Լ. Աղաջանյանին է ուղղել օրինական հիմքով իրեն պատկանող ատրճանակը, որից հետո նաև վերջինիս ուղղությամբ գետնին արձակել երկու կրակոց՝ նման կերպ տալով բռնություն գործադրելու իրական սպառնալիք, այդպիսով կատարելով ենթադրյալ հանցավոր արարք՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի  1-ին մասով:

Դեպքից անմիջապես հետո Ա.Ա.-ն ներկայացել է ԱՀ ոստիկանություն, հանձնել ենթադրյալ հանցագործության գործիք ատրճանակը:

Նույն օրը Ա.Ա-ն ձերբակալվել է: Վերջինս 09.06.2021թ. որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար: Հաշվի առնելով դեպքից հետո Ա.Ա-ի կամովին ներկայանալը, հանցագործության գործիքը ներկայացնելը, ոստիկանության ծառայողի կողմից բողոքի բացակայության մասին հայտարարությունը՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով մինչդատական վարույթն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը: Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: