Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ

16.05.2021թ. ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Ա.-ն, Մ.Մ.-ն, Վ.Ա.-ն, Հ.Ա.-ն և Դ.Գ.-ն  ,,Զառուն բաղ,, կոչվող  անձնագրային կետում անթաքույց կերպով խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր  բռնություն  գործադրելով՝ դիմադրություն են  ցույց տվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության պետական պահպանության ծառայության գումարտակի հրամանատարի տեղակալ Ֆ.Չ.-ի, նույն գումարտակի դասակի հրամանատարներ Կ.Ի.-ի, Հ.Հ.-ի և Ա.Ի.-ի նկատմամբ` հարվածներ հասցնելով նրանց մարմնի տարբեր մասերին, պատռելով ոստիկանության համազգեստը, ինչպես նաև վնասելով  ոստիկանության  ,,Ֆորդ,,  մակնիշի ավտոմեքենայի դուռը, դրանով իսկ դիտավորյալ և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Նկատի ունենալով,  որ նկարագրված դեպքն իր մեջ առերևույթ պարունակում է ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը) և 269-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (խուլիգանություն, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին  կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով) նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի 17.05.2021թ. հարուցվել է քրեական գործ:  Հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ա.-ն, Մ.Մ.-ն, Վ.Ա.-ն, Հ.Ա.-ն և Դ.Գ.-ն ձերբակալվել են:

Քրեական գործով իրականացվում է նախաքննություն:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ վերջին շրջանում նկատվում է ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի դրսևորման դեպքերի թվի աճ,  ինչը խիստ մտահոգիչ, դատապարտելի ու անընդունելի է: Իրավապահ համակարգը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով` առավելագույն չափով հավասարակշռելով  օրինականության ապահովման պահանջից բխող գործողություններն ու հետպատերազմյան Արցախում ստեղծված պայմաններում ուշադրության և հատուկ նրբանկատության արժանի երևույթները: Այդուհանդերձ, հանցավորության թվի աճիև աշխատանքային ծանրաբեռնվածության այս պայմաններում հանրությունը ևս պարտավոր է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ` զերծ մնալով շուրջօրյա ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքից կամ հանցավոր ոտնձգություններից: