Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ  ՊԱՇՏՈՆԱՏԱՐ  ԱՆՁԻՆՔ  ,,ՇԱՀԵՐԻ  ԲԱԽՄԱՆ,,  ՄԱՍԻՆ  ՊԱՐՏԱՎՈՐ  ԵՆ  ԳՐԱՎՈՐ  ՀԱՂՈՐԴԵԼ  ՎԵՐԱԴԱՍ  ԱՆՁԻՆ  ԵՎ ՆԱԽՔԱՆ  ԳՐԱՎՈՐ  ՊԱՏԱՍԽԱՆ  ՍՏԱՆԱԼԸ  ԻՐԱՎԱՍՈՒ  ՉԵՆ  ՏՎՅԱԼ ՀԱՐՑԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ  ԿԱՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ  ՈՐՈՇՈՒՄ

Վերջերս զանգվածային տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել Արցախի Հանրապետության բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների կողմից իրենց հետ փոխկապակցված անձանց օգտին որոշակի գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու վերաբերյալ: Հիշյալ հրապարակումները տեղեկություններ են պարունակում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ,,շահերի բախման,, մասին, ինչպիսի երևույթը սահմանված է Հանրային ծառայության մասին ԱՀ օրենքով:

Հիշյալ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել է նշանակում  բարձրաստիճան պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

1) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

2) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

3) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

4) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը:

Նույն օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` շահերի բախում առաջանալու դեպքում բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր է այդ մասին գրավոր հաղորդել վերադաս անձին և նախքան գրավոր պատասխան ստանալը իրավասու չէ տվյալ հարցի վերաբերյալ կատարելու գործողություն կամ ընդունելու որոշում:

Հիշյալ ընթացակարգի խախտումը հիմք է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից վարույթ հարուցելու և քննություն կատարելու համար:

,,Շահերի բախման,, առկայությունը ինքնին բավարար չէ այն որպես կոռուպցիոն երևույթ գնահատելու համար, սակայն ,,Հանրային ծառայության մասին,, ԱՀ օրենքով սահմանված ընթացակարգերի խախտումը թույլ է տալիս հարցը քննարկել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից:

,,Հանրային ծառայության մասին,, ԱՀ օրենքի պահանջների անշեղ կատարումն ապահովելու համար ԱՀ դատախազության կողմից այսօր գրավոր առաջարկություն է ներկայացվել ԱՀ նախագահին` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նոր կազմ ձևավորելու և նմանատիպ երևույթներն ու դրանց վերաբերյալ հրապարակումները սահմանված կարգով քննության առնելու համար: