Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՑԱԽԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՏՈՒՐ ՕՍԻՊՅԱՆԻ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ

04.05.2020թ. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արտուր Օսիպյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր մի տեսանյութ, որում վերջինս հայտնել էր օրեր առաջ ներկայացված հանցագործության վերաբերյալ հաղորդման քննարկման հարցում դատախազության կողմից ենթադրաբար անգործություն ցուցաբերելու վերաբերյալ (նյութի հղումը այստեղ. https://www.facebook.com/arthur.osipyan.902/videos/554699225447134/?epa=SEARCH_BOX): Նկատի ունենալով, որ հիշյալ հայտարարությունը զուգորդված էր դատախազության գործունեության վերաբերյալ անհիմն բնութագրություններով և խիստ սուբյեկտիվ մեկնաբանություններով, ուստի հրապարակային դարձած հարցի շուրջ օբյեկտիվ ու ամբողջական տեղեկատվություն ստանալու հանրության իրավունքն ապահովելու համար իրազեկում ենք հետևյալը.
27.04.2020թ. ԱՀ գլխավոր դատախազություն էր մուտքագրվել Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Ա.Օսիպյանի դիմումը, որում վերջինս մասնավորապես հայտնել էր «2020թ. փետրվարի 20-ից նախաձեռնած շարժման մասնակից քաղաքացիների նկատմամբ ԱՀ ոստիկանության կողմից ապօրինի որոշումների կայացման, վարչական և քրեական վարույթների հարուցման, վարչական տուգանքի ենթարկելու և տուգանքի գումարը բռնագանձելու եղանակով պետական ապարատի կողմից քաղաքական հետապնդում իրականացնելու մասին»:
Հիշյալ դիմումի ուսումնասիրության արդյունքում 28.04.2020թ. դիմումատուին գրավոր պարզաբանում է ուղարկվել այն մասին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ԱՀ օրենսգրքի 287-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտման կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կայացրած վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կարող է գանգատարկվել վերադասության կամ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված՝ դատական կարգով: Դիմումատուին պարզաբանվել է նաև Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ԱՀ օրենքի 69-70-րդ հոդվածներով նախատեսված՝ վարչական ակտերը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վարչական մարմնին կամ վարչական մարմնի վերադասին կամ դատարան բողոքարկելու իրավունքը:
04.05.2020թ. ԱՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել Ա.Օսիպյանի հերթական դիմումը, որում վերջինս կրկին անգամ բարձրացրել է ԱՀ ոստիկանության ծառայողների կողմից հավաքի մասնակից քաղաքացիների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու՝ այդպիսով լիազորությունները չարաշահելու, իշխանազանցություն թույլ տալու հարցը:
ԱՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված օրինականության հիմնարար սկզբունքից հետևում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի պայմանը, որի համաձայն բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Վարչական ակտի ոչ իրավաչափ ճանաչված չլինելը ենթադրում է նաև դրա իրավաչափության շուրջ գնահատականներ տալու անթույլատրելիություն:
Նկատի ունենալով, որ հանցագործությունը հակաօրինական արարքի դրսևորում է, ուստի վարչական ակտն օրենքով սահմանված ընթացակարգով ոչ իրավաչափ ճանաչված չլինելու պայմաններում նույն վարչական ակտն ընդունած մարմնի կողմից ապօրինի վարչական ակտ ընդունելով «քաղաքական հետապնդում» կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործություն կատարելու վերաբերյալ դիմումը չի կարող ճանաչվել հանցագործության վերաբերյալ հաղորդում և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առարկա լինել: Հատկանշական է նաև, որ հանցագործության մասին հաղորդումը, այդ թվում` ֆիզիկական անձի կողմից տրված, չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի: Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին:
Հիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Ա.Օսիպյանին 05.05.2020թ. կրկին ուղարկվել է գրավոր պարզաբանում: