Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՀ փաստաբանների միության նախագահի տեղակալ Էրիկ Բեգլարյանը Facebook սոցիալական ցանցում ուղիղ եթերի ռեժիմով տեսանյութ է հրապարակել, որտեղ մասնավորապես հայտարարել է այն մասին, որ իր հարազատներից մեկը` Էդուարդ Գասպարյանը, 21.02. 2016թ. ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է բռնությունների, որի հետևանքով վերջինս  տեղում մահացել է:

Հիշյալ տեսանյութում նա տեղադրել է նաև ՔԿՀ-ում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված Ռոման Բաբայանի վկայությունները քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Էդուարդ Գասպարյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Հետայդու Էրիկ Բեգլարյանն իր մեկ այլ հարազատի` Ավետիք Գասպարյանի համաստորագրութամբ  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն, որը 10.08.2019թ. օրենքով սահմանված կարգով գրանցվել է ՀՀԳ-1-ում և հանձնվել գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին` հաղորդման մեջ նշված տվյալները ստուգելու և համապատասխան դատավարական  որոշում կայացնելու համար:

ԱՀ դատախազությունն իր պաշտոնական կայքէջի, անհրաժեշտ դեպքում` նաև ԶԼՄ-ների միջոցով, հավելյալ տեղեկություններ կտրամադրի ստուգման արդյունքների և կայացված  դատավարական որոշման մասին: