Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՑԱԽԻՆ  ՊԱՏՈՒՀԱՍԱԾ  ՀԱՄԱՎԱՐԱԿԻ  ԴԵՄ  ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ԲՈԼՈՐԻՆՆ Է

Սույն թվականի հոկտեմբեր ամսից Արցախի Հանրապետությունում լայն տարածում է գտել աշխարհին պատուհասած COVID-19 նոր կորոնավիրուսը: Իրավիճակը գնահատելու և պետության կողմից համաճարակի տարածումը կանխելու, դրա դեմ պայքարելու պարտականության կատարման պատշաճությունը պարզելու համար վերջին օրերին ԱՀ գլխավոր դատախազը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ԱՀ առողջապահության նախարարի և առողջապահական ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Հավաքագրված տեղեկությունները բավարար են Արցախում համաճարակային վիճակը ծայրաստիճան ծանր գնահատելու համար:

Այսպես` ընթացիկ տարում կատարվել է 16395 թեստավորում, որից 2108-ի դեպքում (268-ը` անչափահաս) հաստատվել է վիրուսի առկայությունը (954-ը կամ 45 տոկոսը հոկտեմբեր ամսում): Ստեփանակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանում հիվանդանոցային բուժում է ստացել 1481 անձ, որից մահացել է 31-ը (14-ը միայն հոկտեմբեր ամսում): Հիվանդանոցում հայտնված անձանց թվում պատվաստված քաղաքացիներ չկան; Հարկ է փաստել, որ հիշյալ պաշտոնական տվյալներն արտացոլում են օբյեկտիվ իրականության միայն մի մասը:

Նոր կորոնավիրուսի տարածմանը նպաստել են մի շարք պատճառներ, այդ թվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների մահվան տարելիցների կապակցությամբ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպված մարդաշատ հանրային միջոցառումները: Ներկայումս վարակը տարածվում է բազմաճյուղ և բազմավեկտոր ընթացքով` ներթափանցելով պետական համակարգ և մասնավոր ոլորտ (տնտեսական, արտադրական, հասարակական և այլն):

Նման իրավիճակներում պետության գործառույթներից է հանդիսանում համաճարակի պատճառ հանդիսացող վիրուսի տարածումը կանխարգելելը և վարակակիրներին պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելը: Վարակի տարածման ներկա ընթացքը ցույց է տալիս, որ կարճ ժամանակ անց այլևս կարող է վերանալ կանխարգելման գործառույթի անհրաժեշտությունն ու սպառվել արդյունավետությունը, որի դեպքում ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնելու է բուժաշխատողների ուսերին: Խնդիրն առավել լուրջ ընկալելու համար նշենք, որ բուժաշխատողներն արդեն աշխատում են գերծանրաբեռնված պայմաններում:

Այս առումով հարկ է ըմբռնել իրավիճակի լրջությունը, ցուցաբերել բարձր գիտակցություն: Անհրաժեշտ է սահմանել կարանտինային վիճակ և կանխարգելիչ սահմանափակումներ` լիակատար պետական վերահսկողություն իրականացնելով կարանտինային կանոնների անշեղ կիրառման նկատմամբ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է մեկտեղեն իրենց ջանքերը` մեկ միասնական նպատակի հասնելու և առողջապահական համակարգին աջակցելու համար: Մյուս կողմից` պետության կողմից կիրառվող ամենախիստ միջոցներն անգամ ապարդյուն են, եթե հանրությունը չգործի իր ու հարազատի, հայրենակցի կյանքը փրկելու անզիջում պայքարի պարտավորության գիտակցումով: Հետևաբար հարկ է համախմբվել և գործել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԱՀ դատախազությունը ձեռնարկելու է իրավական բոլոր միջոցները բնակչության առողջության պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելու դեպքերը վեր հանելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ: Ընդ որում, հանրային ծառայողների և քաղաքացիների վարքագծում կարճ ժամկետում էական փոփոխություններ չարձանագրվելու դեպքում դատախազությունը ներկայացնելու է նաև մի շարք արարքների համար վարչական և քրեական պատասխանատվություն նախատեսելու առաջարկություն: