Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐԱՌԵԼ Է ԿԵՂԾ ՏՎՅԱԼՆԵՐ

ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արսեն Ավանեսյանը, 2020թ. ապրիլի 27-ին Ստեփանակերտ քաղաքի Ալ.Մանուկյան-15 հասցեում  Խաչատուր  Շահբազյանի և Ալեքսանդր Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա .Հովհաննիսյանի կողմից Խ. Շահբազյանին առողջությանը ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք պատճառելու և ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով, ուղղակի դիտավորությամբ դեպքի վայրի զննությունը կատարել է ԱՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների խախտմամբ՝ մեկ ընթերակայի՝ Անդրանիկ Մկրտչյանի, ներկայությամբ, սակայն դեպքի վայրի զննության արձանագրության մեջ գրառել է իրականությանը չհամապատասխանող՝ Արամ Ավագիմյանի կողմից որպես ընթերակա դեպքի վայրի զննության ներկայությունը վկայող կեղծ տվյալներ, իսկ դեպքի վայրի զննության մասնակից Խ. Շահբազյանի կողմից մատնանշված, հանցագործության գործիք հանդիսացող փայտի վերաբերյալ արձանագրության մեջ որևէ գրառում չի կատարել:

Փաստի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում, քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, 15.02.2021թ. հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: