Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՁԱԳԱՆՔ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ԱՆՀԱՐԿԻ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

17.01.2020թ. ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել նույն օրը Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հրազենային վնասվածքով ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ:

Նշված քրեական գործը գտնվում է ՀՀ իրավապահ մարմնի վարույթում և իրավասության տիրույթում: Հասկանալի պատճառներով հիշյալ դեպքը հանրային լայն շրջանակների քննարկման և հետաքրքրության առարկա է ոչ միայն ՀՀ-ում, այլև ԱՀ-ում: Հատկանշական է, որ դեպքի վերաբերյալ հրապարակային կարծիքներն ու տեսակետները հանրությանն են ներկայացվում առավելապես սոցիալական ցանցերի միջոցով, և այդպիսի դեպքեր արձանագրվել են նաև ԱՀ-ում բնակվող օգտատերերի կողմից: Առանձին դեպքերում նման հրապարակումները բովանդակային առումով առերևույթ կարող են տպավորություն ստեղծել, որ օգտատերն ունի տեղեկատվություն ՀՀ իրավապահ մարմնի կողմից քննվող՝ վերոհիշյալ քրեական գործի ապացուցման առարկային առնչվող հանգամանքների վերաբերյալ:

Թեև Գ. Կուտոյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, այդուհանդերձ, ԱՀ իրավապահ մարմինները, հավատարիմ  մնալով հանցավորության դեմ պայքարում ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցելու, ինչպես նաև մեր տրամադրության տակ գտնվող օպերատիվ ու քրեական գործով լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու դատավարական պահանջի պատշաճ իրացված լինելու համար անհրաժեշտ այլ տեղեկությունները հայաստանյան գործընկերներին փոխանցելու գործելաոճին, նույն մոտեցմամբ է առաջնորդվել նաև Գ.Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության հետ կապված: Այդ է պատճառը, որ սոցիալական ցանցերում արցախաբնակ որոշ օգտատերերի հրապարակումներում նշված տեղեկությունների իսկությունը և հիմնավորված ու փաստարկված լինելը պարզելու համար որոշ հեղինակներ հրավիրվել են ԱՀ դատախազություն:

Վերջիններիս առաջարկվել է Գ.Կուտոյանի մահվան դեպքի կապակցությամբ քննության տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ ունենալու դեպքում` դրանք հաղորդել ԱՀ կամ ՀՀ իրավապահ մարմիններին: Դատախազություն հրավիրված օգտատերերը հայտարարել են, որ սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկությունները կրել են զուտ ենթադրական բնույթ և բացառել  են դրանք հիմնավորող փաստերի ու ողջամիտ ապացույցների տիրապետելու հանգամանքը:

Հաշվի առնելով, որ Գ. Կուտոյանի մահվան դեպքի շուրջ հարուցված քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, ուստի ԱՀ դատախազությունը կոչ է անում ԱՀ քաղաքացիներին` զերծ մնալ հիշյալ քրեական գործով քննության առարկայի ու քննչական վարկածների շուրջ անհիմն հետևություններ և ենթադրություններ անելուց: Միաժամանակ հորդորում ենք վերը հիշատակված դեպքի կապակցությամբ հիմնավոր տեղեկություններ և փաստեր ունենալու դեպքում` դրանք ներկայացնել ԱՀ կամ ՀՀ իրավապահ մարմիններին: