Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ  ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ  ԹԵՄԱՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ   ՊԱՏՇԱՃ   ԴԻՄԱԳՐԱՎԵԼՆ  ԷՐ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակը պատշաճ գնահատելու և համարժեք միջոցառումներ նախաձեռնելու նպատակով, ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը վերջին օրերին մի շարք հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ: Քննարկված հարցերը ուրվագծել են անելիքների այն լայն շրջանակը, որոնք առաջնահերթ են համարվել համավարակի սրընթաց աճը կասեցնելու և բնակչության առողջությանը սպառնացող վտանգները հետևողականորեն չեզոքացնելու համար:

Գլխավոր դատախազը մասնակցել է նաև առողջապահության նախարարությունում կազմակերպված աշխատանքային խորհրդակցությանը, որին հրավիրվել էին հանրապետության բուժհիմնարկների ներկայացուցիչները: Մանրամասն վերլուծվել  ու քննարկվել են ոչ միայն առկա խնդիրները, այլև դրանք ծնող պատճառները, մատնանշվել  դրանց լուծման հնարավոր ուղիները:

 

 

Քննարկմանը հաջորդող օրը Ստեփանակերտի քաղաքապետի կողմից որոշում է ընդունվել մինչև 2021թ. դեկտեմբերի 1-ը կարանտին սահմանելու մասին, ինչպես նաև հստակեցվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումներն ու սահմանափակումները:

05.11.2021թ. ԱՀ առողջապահության նախարարի կողմից ստորագրվել է 256-Ա հրամանը, որով սահմանվել են Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները:

Վերոհիշյալ կանոններն ու սահմանափակումները ենթակա են անշեղ կատարման պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, որի լիարժեք իրացումն ապահովելու նպատակով պետական լիազոր մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ հսկողություն` այդ թվում վարչական պատասխանատվության կանչելու գործիքի կիրառմամբ:

Դատախազությունը կրկին կոչ է անում ճիշտ գնահատել իրավիճակի լրջությունը և ընդունել, որ համավարակի արդյունավետ հակազդման համար առողջապահական գերատեսչության մասնագիտա-տեխնիկական հնարավորությունների մոբիլիզացումն ընդամենը պայքարի մի ուղղությունն է:Կորոնավիրուսի գրոհներին գրագետ կերպով դիմագավելը ևս կարևոր նշանակություն ունի, և այս առումով պետք է համընկալելի դառնան ոչ միայն կարանտինային սահմանափակումները բովանդակող պահանջները, այլև այն ծանր հետևանքները, որոնք կարող են առաջանալ իրավիճակի անկառավարելիության պարագայում: Խոցելիության գլխավոր թիրախները, բնականաբար, բնակչության առողջությունն ու երկրի սոցիալ-տնտեսական կացությունն են, որոնց պահպանումն ու պաշտպանությունը պետական,  տեղական ինքնակառավարման մարմինների,  մասնավոր ու հասարակական կառույցների գերխնդիրը պիտի դառնա: