ԱՅՑ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԱՊՐՈՂ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ
Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ մնացին անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ողջ ունեցվածքը: Տեղահանվածների մի մասը շարունակում է ապրել Ստեփանակերտի տարբեր հյուրանոցներում։
Փետրվարի 22-ին մայրաքաղաքի ՙՍոֆիա՚, ՙՆաիրի՚ և ՙԱխթամար՚ հյուրանոցներում ժամանակավոր բնակվող նման ընտանիքներին այցելել էին ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնակատար Արսեն Սառաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արմինե Պետրոսյանը։ Նման կազմով փախստականների կեցության պայմաններին ծանոթանալու, ունեցած դժվարություններն ու խնդիրներն ամրագրելու նախաձեռնողը ԱՀ գլխավոր դատախազն էր: Ինչպես հայտնի է, հանրապետության գլխավոր դատախազությունում վերջերս ստեղծվել է տեղահանված անձանց իրավունքների խախտումներով զբաղվող աշխատանքային խումբ և այդ այցելությունը աշխատանքները կանոնակարգելու, նման ընտանիքների հետ հարաբերություններում խախտումներն ու հանցավոր երևույթները բացառելուն էր միտված։ Երեք գերատեսչություններից կազմված խումբն առաջինն այցելել է Սոֆիա հյուրանոց, որտեղ հանրապետության տարբեր բնակավայրերից տեղահանված 28 ընտանիք է բնակվում։ Հյուրանոցի մեկ հարկը հատկացված է տեղահանվածներին, ճաշարանն ապահովում է բոլոր կենվորների երեքանգամյա սնունդը, հարկում տեղադրված են լվացքի մեքենաներ: Կենվորները հիմնականում Հադրութից ու Շուշիից տեղահանվածներն են: Նրանց մեջ է նաև հադրութցի Ալեքսանդր Ղարախանյանի ընտանիքը։ Սաշա պապը չէր հասցրել լքել Հադրութի իր տունը և հայտնվել էր գերության մեջ, դեկտեմբերին վերադարձված 44 գերիների թվում էր։ Այս ընտանիքին պատուհասած ողբերգությունն այդքանով չի ավարտվել. հունվարին հայտնաբերվել է անհետ կորած որդու՝ 43-ամյա Արսենի դիակը, որին հողին են հանձնել Ստեփանակերտում։ Ամիսներ շարունակ ՀՀ-ում հանգրվանած ընտանիքը միավորվել է, այժմ Սաշա Ղարախանյանը կնոջ, դստեր ու երեք թոռների հետ տեղավորվել է հյուրանոցի համարներից մեկում։ Դժգոհ չեն, առողջապահության նախարարի՝ գերության հետևանք մնացած տարբեր առողջական խնդիրներով կրկին հետազոտվելու անհրաժեշտության մասին հորդորներին արձագանքում է, որ լավ է և օրեցօր ինքնազգացողությունն Արցախում ավելի է լավացել։
Նոնա Առաքելյանը երկու աղջիկների հետ Շուշիում է թողել տունն ու ունեցվածքը և հանգրվանել հյուրանոցում: Պայմաններից դժգոհ չէ, նրա խնդրանքը տեղահանվածներին` գոնե մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին լվացքի մեքենաներ տրամադրելու հետ էր կապված: ՙՀասկանում եմ, որ մեզ նման ընտանիքները շատ են, սակայն անգամ վարձով բնակվող փախստականներին նույն տան պարագաներն են առաջարկվում` հիմնականում ոչ որակյալ, իսկ լվացքի մեքենաների մասին ընդհանրապես խոսք չի եղել՚: Հանդիպմանն այստեղ տեղավորված ընտանիքների մի մասը կորցրած փաստաթղթերի վերականգնման հետ կապված դժվարություններն է մատնանշել, դատական կարգով դրանք վերականգնելը ժամանակ է պահանջում, ինչը հանգեցնում է ավելի մեծ հոգսերի: Գլխավոր դատախազը նշեց, որ իրենց մոտ ստեղծված աշխատանքային խումբը ևս արձանագրել է այդ խնդիրը և լուծելու համար տարբերակներ են մտածում: Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրեց միջոցառումների շարքը, որոնք նախատեսված են տեղահանված ընտանիքների առողջապահական խնդիրները լուծելու համար:
Մայրաքաղաքի ՙՆաիրի՚ հյուրանոցում ներկա պահին բնակվում է տեղահանված 18 ընտանիք: Ըստ գործադիր տնօրեն Սասուն Բաղդասարյանի` կենվորների թիվն անընդահատ փոփոխվում է, քանի որ ընթացքում նրանք վարձով բնակարաններ են տեղափոխվում, կան ընտանիքներ, որոնք ՀՀ-ում ապաստանած հարազատների մոտ են տեղափոխվում: Այս հյուրանոցը 2016-ի սրացմանը մի քանի ամիս թալիշցիներին էր հյուրընկալել, որից հետո չի վերանորոգվել: Հյուրանոցը չի ջեռուցվում, տեղադրված են տաքացնող սարքեր, էլեկտրական հոսքագծերը, սակայն, բարձր լարմանը չեն դիմանում: Մինչև վերջերս հյուրանոցն ապահովում էր ընտանիքների սննդի հարցը, պետության կողմից գումարի փոխհատուցման դադարեցումից հետո ընտանիքներն իրենք են հոգում ուտելիքի հարցը:
Նալբանդյանների ընտանիքը Շուշիից է, երկու երեխաներով այստեղ են արդեն երկու ամիս, պայմաններից դժգոհ չեն, սենյակում գազօջախ են տեղադրել, ամիսը մեկ ՙԿարմիր խաչի՚ կողմից անհրաժեշտ սնունդն ու հիգիենայի պարագաներ են ստանում: ՙՍտանում ենք հիմնականում մակարոնեղեն ու ձավարեղեն, բուսական յուղ: Ամուսինս զինծառայող է` կայուն աշխատավարձ ունենք, կարողանում ենք անհրաժեշտ սնունդն ապահովել: Մինչդեռ կան շատ ընտանիքներ, որոնք եկամուտ չունեն, մսամթերք, միրգ ու բանջարեղեն չեն կարողանում գնել, ապրել են գյուղում, ունեցել են ամեն ինչ, հիմա ձավարեղենով են առաջարկում ապրել: Նման ընտանիքների մասին պիտի մտածել՚,-ասում է Անահիտ Նալբանդյանը:
Իգոր Պետրոսյանի` երեք երեխաներով ընտանիքին հյուրանոցում տեղ են տվել վերջերս: Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղից են: ՙՎարձով էինք բնակվում, տանտերը հայտարարեց, որ տունը վաճառում է, պետք է մի օրում այլ կացարան ճարենք: Տարբեր տեղեր ենք դիմել, միայն այստեղ մեզ ընդունեցին: Պայմաններն, իհարկե, երեք երեխայով ընտանիքի համար հարմար չեն, սակայն այլ տարբերակ չկա: Գազօջախ են տվել, մինչ ուտելիք եմ պատրաստում, երեխաներին բակ եմ ուղարկում, օդափոխում սենյակը, աղջիկներիցս մեկը ալերգիկ հիվանդություն ունի՚,-ընտանիքի փոխված առօրյան է ներկայացնում ընտանիքի մայրը: Այստեղ ևս առանձին լվացքի մեքենաների անհրաժեշտության հարցը բարձրացվեց:
Ի մի բերելով այցելության տպավորությունները` հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը նշեց, որ արձանագրված խնդիրները հիմնականում համընկել են կանխատեսումների հետ: ՙՄենք արձանագրեցինք առողջապահության, սոցիալական աջակցության, մարդու իրավունքների խախտման հետ կապված խնդիրներ, որոնք, միանշանակ, առաջիկայում պետք է լուծվեն: Անգամ հակահրդեհային կանոնների խախտումներ արձանագրեցինք, որոնք պարտադիր պետք է վերացվեն: Առաջիկայում շահագրգիռ բոլոր գերատեսչություններին կփոխանցենք տեղահանված ընտանիքների կողմից բարձրացված հարցերն ու կօժանդակենք դրանց լուծմանը: Կարևոր է հատկանշել, որ համատեղ այս այցերը կօգնեն վեր հանել նաև այն հիմնահարցերը, որոնք տեղահանվածներն այս կամ այն պատճառով չեն հնչեցնում՚,-նշել է նա:
Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
https://artsakhtert.com/arm/index.php/social/item/30938-2021-02-24-08-03-01