Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՀ  ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶՆ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ  Է  ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ  ՄԱՐՏՈՒՆԻ  ՔԱՂԱՔՈՒՄ

Հուլիսի 20-ին ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն աշխատանքային այցով Մարտունի քաղաքում էր և  շրջանի դատախազության նստավայրում շրջանի բնակիչների հետ ընդունելություն է կազմակերպել։

Հանդիպման նպատակի և  շրջանում  ընդունելություն կազմակերպելու մասին Գ.Ներսիսյանը նշել է, որ Մարտունին հերթական համայնքներից մեկն է: Ինչպես Մարտունի քաղաքում, այլ համայնքներում ևս հանդիպումներ են կազմակերպվում քաղաքացիների հետ: Այսպիսով, նախ և առաջ անհարմարություններից  փորձում են ազատել, որպեսզի գլխավոր դատախազի հետ հանդիպման համար շրջանների բնակիչները ստիպված չլինեն ամեն անգամ ներկայանալ գլխավոր դատախազություն, մյուս կողմից էլ,  երբ պատասխանատուն է  ներկայանում՝ ավելի վստահելի մթնոլորտ է ձևավորվում և ընդունելությունն ավելի արդյունավետ է կազմակերպվում, քան պաշտոնական պայմաններում: Այդօրինակ հանդիպումները պարբերաբար կազմակերպվում են տեղահանված բնակիչներով բնակեցված հյուրանոցներում, առաջիկայում նախատեսում են Մարտակերտ, Ասկերան քաղաքներում:

Մարտունիում կայացած հանդիպումը Գ.Ներսիսյանը բավականին արդյունավետ գնահատեց: Բարձրացվել են տարբեր հարցեր: Եղել են հարցեր, որոնք դատախազության իրավասության տիրույթից դուրս էին: Տվյալ դեպքում, որպես հանրապետության գլխավոր դատախազ,  օժանդակող դերակատարություն կունենա: Բարձրացվում են նաև հարցեր, որոնք ուղիղ դատախազության իրավասության տիրույթում են, առաջիկայում դրանց հետ կապված համապատասխան ստուգումներ կիրականացվեն և  քաղաքացիներին պատշաճ պատասխաններ կտրվեն:

«Եթե խմբերի բաժանենք՝ մի խումբն ընդհանուր առմամբ ներկայացրեց որոշակի իրադարձություններ, որոնցում պետական կառավարման մարմինների կողմից ցուցաբերած վարքագիծը որոշակի անարդարության տարրեր է պարունակում, ավելի շատ ինֆորմատիկ բնույթ են կրում և հետագայում դրանք կանխարգելելու քաղաքացիների ցանկությունն ու մտահոգությունն ենք բացահայտում: Երկրորդ խումբն ուղիղ այն դեպքերն են, որոնց արդյունքում, այդ թվում նաև պետական մարմինների գործողությունների հետևանքով, քաղաքացիների իրավունքների խախտում է տեղի ունեցել. մի դեպքում քաղաքացիները ենթադրյալ խախտման մասին են բարձրաձայնում, մեկ այլ դեպքում արդեն հետազոտված փաստաթղթերից է ակնհայտ դառնում, որ իրականում թույլ է տրվել իրավունքի խախտում:  Երրորդ խումբն այն դեպքերն են, որոնք պարտադիր պահանջում են քրեադատավարական ստուգում: Սրանց կապակցությամբ մենք հաղորդումներ ենք ստացել քաղաքացիներից, և առաջիկայում հետաքննության կամ նախաքննության մարմիններին հանձնարարություններ կտրվեն, որպեսզի դրանց կապակցությամբ քրեական վարույթներ նախաձեռնվենե,- ասել է գլխավոր դատախազը:

Ոլորտի պատասխանատուն հավելեց, որ ընդունելությանը զուգահեռ դատախազության գործերի քննարկում են կազմակերպել:

«Ընդհանրապես, շատ քաջ գիտակցում եմ, որ իրավապահ մարմինների, առհասարակ, պետական կառավարման համակարգերի և քաղաքացիների միջև վստահության բավարար մթնոլորտ չկա: Բոլոր դեպքերում, հենց առաջին քայլը մեր կողմից պետք է կատարվի, որպեսզի այդ վստահությունը վերականգնվի: Իսկ վստահության վերականգնման լավագույն ձևը, որը ես հասկացել եմ իմ գլխավոր դատախազի պաշտոնում աշխատելու չորս ամիսների ընթացքում, քաղաքացիների հետ պարզ, բաց երկխոսությունն է, պարբերաբար քաղաքացիներին ընդունելը և լսելը: Հետևաբար, նմանատիպ հանդիպումները պարտադիր պետք է կրեն պարբերական բնույթ: Հանդիպումների ընթացքում բարձրացվող հարցերն էլ են շատ ոգևորիչ ու տպավորվող, քանի որ կան քաղաքացիներ, ում ոչ միայն անձնական խնդիրներն են հետաքրքրում, այլ  նաև համակարգային, Մարտունի քաղաքում, մեր շուրջը գոյություն ունեցող խնդիրները, որոնց կանխարգելման ուղղությամբ նրանք մտահոգություն և ցանկություն են հայտնումե,- նշել է Գ.Ներսիսյանը:

Խոսվել է վստահության գործոնի մասին, ինչը հետագայում ավելի շատ քաղաքացիների թույլ  կտա դիմել՝ ավելի բազմաբնույթ հարցերով: Կա պատրաստակամություն՝ արձագանքել քաղաքացիների կողմից բարձրացվող բոլոր հարցերին, և  եթե անգամ բարձրացվող հարցը դատախազության իրավասության տակ չէ կամ լիազորությունների գործադրման շրջանակից դուրս է, ապա գոնե կկարողանան պաշտոնապես և ոչ պաշտոնապես հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը:

Շրջանի տարածքում այցերն ու հանդիպումները շարունակական կլինեն: Առաջնահերթությունը կտրվի դատախազություն ներկայացված ահազանգերի կամ դիմումների ամփոփման արդյունքում արձանագրված թիրախային  համայնքներին, որոնք ավելի մեծ ուշադրություն են պահանջում, որտեղ քաղաքացիներին մտահոգող հարցերն ավելի շատ են: Կլինեն ոչ միայն  քաղաքային, այլ նաև գյուղական համայնքներում: Հերթական հանդիպումը նախատեսվում է Հացի գյուղում և հարակից համայնքներում:

 

Տեդեկատվությունն ըստ ,,Ամարաս,, թերթի ֆեյսբուքյան էջի՝ https://www.facebook.com/profile.php?id=100011583576579