Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ԽՈՍՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Անձամբ իմ և ԱՀ դատախազության աշխատողների անունից ԱՀ առողջապահության համակարգի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ  բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Արցախի և Հայաստանի առողջապահական համակարգը բաղկացած է այն հերոսական կոլեկտիվից, որը ոչ միայն անցավ աշխարհը պատուհասած «Նոր կորոնավիրուսի» հայտարարած պատերազմով, այլև դրան զուգահեռ կրեց 44-օրյա պատերազմի բոլոր զարկերը: Պատերազմի գրեթե յուրաքանչյուր օր ես առիթ եմ ունեցել ուղիղ նայելու Արցախի բուժաշխատողների աչքերին, որոնցում ամփոփված էին պատերազմի ամեն մի վայրկյանը, ամեն պայթյունը, ամեն գնդակի ձայնն ու թափված ամեն կաթիլ արյունը, բայց միևնույն ժամանակ արտացոլում էին լույս, բեկանում էին հուսահատության չնչին նշաններն անգամ` այդ ամենի հետ մնալով լուռ, համեստ ու օրինակելի: Ձեր սխրագործությունների մասին կարելի է խոսել անդադար, Ձեր ամենօրյա «ծառայության» խորհրդով կարելի է ազգեր դաստիարակել, սերունդներ մեծացնել, քանզի Ձեր չընդհատվող հայրենասիրությունն ու չդադարող աշխատանքի ծավալը չափելն ուղղակի անհնարին է:

Օրը թեկուզ տոնական է, ենթադրում է ուրախություն և բերկրանք, բայց գիտակցում ենք, որ դեռ տարիներ են անհրաժեշտ հոգով և սրտով ուրախ լինելու, լիաթոք ծիծաղելու կարողությունը վերականգնելու համար: Այդուհանդերձ, սիրելի բուժաշխատողներ, ուզում ենք օրվա առիթը օգտագործել և կրկին մեր երախտիքի խոսքը հնչեցնել ու խոնարհումը բերել Ձեր անձի ու մասնագիտության առջև: Դուք արժանի եք ամենավառ ու ամենաջերմ բարեմաղթանքների, արժանի եք լինելու երջանիկ ու առողջ: Ձեզ և Ձեր ընտանիքներին խաղաղություն, առողջություն և երջանկություն ենք մաղթում:

 

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գուրգեն Ներսիսյան