Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Արցախի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ համակարգի բոլոր աշխատողներին: Դատախազությունը հանդիսանում է յուրաքանչյուր պետության անվտանգության կարևոր հենասյուներից մեկը, որի գործունեության արդյունավետությամբ է պայմանավորված երկրում արդարության և օրենքի առջև հավասարության, սահմանադրականության վիճակի ու օրինականության նկատմամբ մեր անհատական և համընդհանուր գնահատականը, վերաբերմունքը, մոտեցումները: Արցախի Հանրապետության դատախազությունը մշտապես ձգտել է հավատարիմ մնալ իր սահմանադրական առաքելությանն ու կոչմանը և այսօր նույնպես կայուն ու հաստատակամ քայլերով անցնում է այդ ճանապարհով:

Եթե նախկինում նոյեմբերի 26-ը դիտարկում էինք որպես տոնական օր և դրան մեծ հանդիսավորություն հաղորդում, ապա այսօր այն խիստ տարբերվող խորհուրդ ունի: Նոյեմբերի 26-ը  մեզ համար այն հերթական օրերից է, որը պետք է սկսվի ու ավարտվի Արցախի Հանրապետությանը, արցախյան հողին, արցախահայությանը, մեր հազարավոր քույրերի ու եղբայրների անմար ու կենդանի հիշատակի, նրանց ընտանիքների, մեր բազմաթիվ տեղահանված հայրենակիցների առջև անմնացորդ նվիրվածությամբ ու բարձր պատասխանատվությամբ ծառայելու երդմամբ: Նույն մոտեցմամբ, մեզ համար յուրաքանչյուր օր նոյեմբերի 26 է, եթե մենք մեր խղճի ու երդման խոստման առջև շիտակ ենք ու ոչ երդմնադուրժ, եթե մեր գործունեությամբ կարողացել ենք ապավեն լինել թեկուզ մեկ արցախցու, մեզանում արթնացնել պետության, պետական համակարգի, հայրենակցի նկատմամբ վստահությունը, մեր համընդհանուր փրկությունն ու բարեկեցությունը բացառապես միասնականությամբ և համախմբվածությամբ պայմանավորված լինելու գիտակցումը, միմյանց նկատմամբ հոգատար ու ջերմ լինելու պարտադիրությունը:

Մենք բոլորս ապրում ենք ծանր ժամանակներ և մեզանից յուրաքանչյուրը անելիք ունի, ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատանքում: Շնորհավորում եմ դատախազության համակարգի այն բոլոր աշխատողներին, ովքեր իրենց գործունեության ամեն վայրկյանը ծառայեցնում են նշածս գաղափարների կյանքի կոչմանը, իրենց վարքով, աշխատանքային ոճով ու կեցությամբ օրինակ են ծառայում ոչ միայն մեր, այլև պետական ողջ համակարգի համար, իսկ մեր շարքերում բացառություններ չկան ու չպետք է լինեն:

Բոլորիդ երախտագիտությունս եմ հայտնում Արցախի Հանրապետության համար այս ծանրագույն փուլում Ձեր կողմից ցուցաբերած համախմբվածության, պատասխանատվության բարձր գիտակցումի, մեզ բաժին հասած ու պատվիրակված ծանր և լարված աշխատանքը պատվով կրելու ունակության և դրանով հպարտանալու կարողության համար:

Հարգելի՛ դատախազներ, քննիչներ, դատախազության գործունեությանն աջակցող դատախազության աշխատակիցներ, կրկին շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական օրվա առթիվ, առողջ, խաղաղ ու անփորձանք կյանք եմ մաղթում Ձեզ, ձեր ընտանիքներին ու Արցախ աշխարհին: