Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՀ  ԳԼԽԱՎՈՐ  ԴԱՏԱԽԱԶԻ  ԿՈՂՄԻՑ  ՄԱՃԿԱԼԱՇԵՆ  ՀԱՄԱՅՆՔ ԿԱՏԱՐՎԱԾ  ԱՅՑԻ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ  ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ԱՀ գլխավոր դատախազն այցելել էր Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնք և հանդիպել բնակիչների հետ ինչպես խմբային քննարկումների, այնպես էլ անհատական՝ առանձնազրույցի ձևով: Դատախազն հանդիպել է նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մաճկալաշենցիների ընտանիքների անդամներին, տեղում ծանոթացել այն իրավական հարցերին ու խնդիրներին, որոնք առկա են նրանց մոտ, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:

Հանդիպման արդյունքներով արձանագրվել են հետևյալ խնդիրները.

ա) համայնքի բնակիչների մոտ առկա են 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված բնակարանների վերակառուցման և վերանորոգման աշխատանքների կատարման հերթացուցակի ձևավորման սկզբունքների ու մոտեցումների առնչությամբ անվստահության որոշակի տարրեր,

բ) համայնքում կան վթարային և բնակության համար գրեթե ոչ պիտանի  բնակարաններ, որոնց վերակառուցումը և վերանորոգումը համապատասխան ծրագրերի բացակայության պատճառով հետաձգվել է, ինչը որոշակի դժգոհություն է առաջացրել բնակիչների շրջանում,

գ) քաղաքական հայացքների ու որոշ հարցերի շուրջ տարակարծություններով պայմանավորված` համայնքի բնակիչների միջև առկա է որոշակի լարվածություն:

Վերը թվարկված խնդիրներից որոշների կապակցությամբ դատախազության կողմից գրավոր առաջարկություններ են ներկայացվել գործադիր իշխանության մարմիններին, իսկ մնացյալ հարցերը շարունակաբար կպահվեն իրավապահ մարմինների տեսադաշտում և ուշադրության ներքո: