Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի ելույթը դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստում (26.11.2015թ.)

Պատահական չէ նաև, որ հենց այսօր է նշվում մեր մասնագիտական տոնը: Ինչպես գիտեք, 1924 թվականի նոյեմբերի 26-ին է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի մարզային դատախազությունը: Այս հատկանշումը զուգակցվում է Արցախի պատմության մի այնպիսի ծանր ժամանակահատվածի հետ, որպիսին վերջին ավելի քան իննսուն տարիներն էին` իրենց դժվարին փուլերով: Գիտենք, հեշտ չի եղել իրավապահ մարմինների համար աշխատել ստալինյան բռնապետության պայմաններում, պայքարել ոչ միայն հանցավորության, այլ նաև  խորհրդային կեղծ ինտերնացիոնալիզմի քողի տակ Բաքվի կողմից իրականացվող ազգային խտրականության դեմ: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ նորանկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գոյապայքարի խրամատների վրա սկսեց կերտել իր անկախ պետականությունը, մենք կարողացանք ժողովրդավարական արժեքներին համահունչ` երկրում ստեղծել մի համակարգ, որը ներկայումս հանդիսանում է հանրապետության ամենակայացած կառույցներից մեկը: Իսկ դրան մենք հասել ենք, անկասկած, ունենալով հարուստ փորձ և հստակ նպատակասլացություն:
Ակնհայտ է, որ դատաիրավական բնագավառներում, և մասնավորապես դատախազության համակարգում իրականացված բարեփոխումները որակական նոր մակարդակի վրա են դրել ԼՂՀ-ում օրենքի գերակայության և իրավակարգի ապահովման դրվածքը: Այդ շրջանակում բարելավվել են նաև դատախազների կենսապահովման ու աշխատանքային պայմանները, ինչը յուրաքանչյուր դատախազի համար պետք է խթան լինի հանձնարարված գործի նկատմամբ առավել նվիրվածություն և պատասխանատվություն ցուցաբերելու համար: Միևնույն ժամանակ, հանրապետության ղեկավարության կողմից մշտապես դրսևորվող աջակցությունը ԼՂՀ դատախազության առջև դրված խնդիրների լուծմանը` լավ հիմք է լիարժեքորեն իրականացնելու Սահմանադրությամբ և օրենքով դատախազությանը վերապահված լիազորությունները: Այսպես ասենք` ստեղծված պայմաններում վատ աշխատելու իրավունք մենք պարզապես չունենք:
Հարգելի գործընկերներ, հարկ եմ համարում նաև մատնանշել դատախազության մարմինների և հանրապետության մյուս իրավապահ ու հսկողական գործառույթներ իրականացնող կառույցների միջև առկա սերտ համագործակցությունը: Այս հանդիսավոր միջոցառմանը ներկա են հիշյալ կառույցների պաշտոնական ներկայացուցիչները, և նրանց ներկայությունից օգտվելով, ուզում եմ վերահաստատել ԼՂՀ դատախազության պատրաստակամությունը փոխգործակցությունն ավելի խորացնելու գործում: 
Օրենքի գերակայությունն Արցախում այլընտրանք չունի. սա մի ուղենիշ է, որին ի սկզբանե հավատարիմ ենք եղել ու կլինենք այսուհետ:  Այս համոզմունքով էլ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով համակարգի բոլոր աշխատողներին, նաև դատախազության վետերաններին, մաղթում եմ բոլորին քաջառողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքում և անձնական կյանքում:
Շնորհակալություն: