Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՀԱՂՈՐԴՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գործունեության առավել կարևորություն ներկայացնող հարցերով կատարվել են ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանց արդյունքները քննարկվել են դատախազության կոլեգիայի նիստերում ու համապատասխան խորհրդակցություններում:
2012 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արձանագրվել է հանցագործությունների 393 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 25 դեպքով կամ 6,4 %-ով (2011թ. գրանցվել էր 368 դեպք), որից բացահայտվել է 332-ը (2011թ. — 313), չբացահայտված է մնացել 40-ը (2011թ. — 35), քննության փուլում են գտնվում 21 հանցագործություն (2011թ. — 20) :
2012 թվականին հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 91,6% (2011թ.` 90,9%):
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի` 2012թ. ընթացքում գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 7 դեպք (2011թ.` 8), ծանր հանցագործությունների 62 դեպք (2011թ.` 113), միջին ծանրության հանցագործությունների 167 դեպք (2011թ.` 111), իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունների 157 դեպք (2011թ.` 136): Դրանով իսկ, նախորդ տարվա համեմատությամբ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 1 դեպքով, ծանր հանցագործությունների թվի նվազում է արձանագրվել 51 դեպքով, միջին ծանրության հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 56 դեպքով, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները ավելացել են 21 դեպքով:
2012 թվականին հանցագործությունների որակական ցուցանիշներում արձանագրված նվազման կամ աճի կապակցությամբ համապատասխան վերլուծությունները ցույց են տալիս, որ առանձնապես ծանր հանցագործությունների նվազումը պայմանավորված է սպանության (2012թ.` 3, 2011թ.` 5) և սպանության փորձի (2012թ.` 0, 2011թ.` 1) դեպքերի նվազմամբ: Ծանր հանցագործությունների թվի նկատելի` 51 դեպքի նվազման քանակում 23 դեպքը պայմանավորված է ԼՂՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածների (ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մաս` 19 դեպք, 178-րդ հոդվածի 2-րդ մաս` 4 դեպք) սանկցիաներում 2011թ. մայիսի 23-ին կատարված օրենսդրական փոփոխություններով (ՀՕ-143-Ն): Նույն ժամանակահատվածում արձանագրվել է միջին ծանրության հանցագործությունների 167 դեպք (2011թ.` 111)` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելանալով 56 դեպքով, որի թվաքանակում 30-ով ավելացումը պայմանավորված է ԼՂՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածների (ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մաս` 19 դեպք, 178-րդ հոդվածի 2-րդ մաս` 4 դեպք, 314-րդ հոդված` 7 դեպք) սանկցիաներում 2011թ. մայիսի 23-ին կատարված օրենսդրական փոփոխություններով (ՀՕ-143-Ն) :
Հանցագործությունների շարժընթացում արձանագրված վիճակագրական տվյալների ուսումնասիրությամբ որոշակի վերլուծություններ են կատարվել նաև նվազման և աճի միտում դրսևորած առանձին հանցատեսակների կապակցությամբ:
Միջին ծանրության հանցագործությունների շարժընթացում առանձնապես ավելացել են առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի պահելու, պետական գույքի յուրացման կամ վատնման, կաշառք ստանալու դեպքերի բացահայտումները: Աճել են մահ առաջացրած ճանապարհա-տրանսպորտային պատահարների դեպքերը:
2012թ. ԼՂՀ տարածքում արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների 48 դեպք ( 2011թ.` 48), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների 96 դեպք (2011թ.` 79), սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 146 դեպք ( 2011թ.` 173), այդ թվում 29-ը` ( 2011թ.` 28) պետական կամ հանրային գույքի հափշտակության, իսկ 117-ը` (2011թ.` 145) անձնական գույքի հափշտակության դեպքեր, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 17 դեպք ( 2011թ.` 12), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների 54 դեպք (2011թ.` 41):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ըստ վարչատարածքային միավորների, հանցագործությունների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունից դիտվում է, որ 2012 թվականին հանցագործության դեպքերի նվազում է արձանագրվել Ստեփանակերտ քաղաքում` 5 դեպքով (2012թ.` 133, 2011թ.` 138), Ասկերանի շրջանում` 1 դեպքով (2012թ.` 52, 2011թ.` 53), Շուշիի շրջանում` 4 դեպքով (2012թ.`19, 2011թ.` 23), Շահումյանի շրջանում` 6 դեպքով (2012թ.` 12, 2011թ.` 18):
Գրանցված հանցագործությունների աճ է արձանագրվել Մարտակերտի շրջանում` 25 դեպքով (2012թ.` 72, 2011թ.` 47), Մարտունու շրջանում 1 դեպքով (2012թ.` 47, 2011թ.` 46`ի), Քաշաթաղի շրջանում` 9 դեպքով (2012թ.` 32, 2011թ.` 23), Հադրութի շրջանում` 6 դեպքով (2012թ. — 26, 2011թ. — 20), որն էլ պայմանավորված է սպանության, ճանապարհա-տրանսպորտային պատահարների, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը դեպքերի աճով և հիմնականում պայմանավորված է շրջանների տարածքներում հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված, սեփականության դեմ ուղղված, ինչպես նաև պետական գույքի յուրացման կամ վատնման դեպքերի, տնտեսական գործունեության, պետական իշխանության, ծառայության կամ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունավետությամբ:
Ըստ բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի, առանձնապես ծանր հանցագործությունների աճ է արձանագրվել Հադրութի շրջանում` 2 դեպքով (2012թ.` 2, 2011թ.` 0):
Հանրապետության տարածքում 2012թ. մարդու դեմ ուղղված հանցագործությունների շարժընթացում արձանագրված ցուցանիշների վերլուծությունից դիտվում է, որ սպանության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 2-ով (2012թ.` 3 դեպք, 2011թ.` 5), իսկ սպանության փորձի դեպքեր չեն գրանցվել (2011թ.` 1): 5 դեպքով նվազել են նաև սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները (2012թ.` 7 դեպք, 2011թ.` 12), բռնաբարության և դրա փորձի դեպքեր չեն արձանագրվել: 8 դեպքով (2012թ` 23, 2011թ.` 15 ) աճ է արձանագրվել մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 95,5 % (2011թ.` 95,7%): Չի բացահայտվել 2012թ. կատարված սպանության 3 դեպքերից 1-ը:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 2012թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 473 նյութի նախապատրաստման օրինականության նկատմամբ, որից 197-ը նախապատրաստվել են նախաքննության մարմնի, 276-ը` հետաքննության մարմինների կողմից: Նախապատրաստված 473 նյութերից 405-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում 321-ով` արդարացման հիմքով, 84-ով` ոչ արդարացման հիմքով, 1-ը միացվել է նյութերին, 14-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 53-ով հարուցվել է քրեական գործ:
2012թ. դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից քննված 60 քրեական գործերի օրինականության նկատմամբ: Ստուգվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 17 որոշման օրինականությունը, որից 6-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 11-ը` ոչ արդարացման հիմքով, ինչպես նաև քրեական գործերի վարույթը կասեցնելու մասին 2 որոշումների օրինականությունը, որոնք կասեցվել են հանցագործություն կատարած անձի հայտնի չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից 4-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 2-ը միացվել է քրեական գործերին, 32 քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 3 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:
Մարդու դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում դատարանում մեղադրանք է պաշտպանվել 36 քրեական գործերով` 48 անձի նկատմամբ ( այդ թվում` 1 անչափահաս, 2 կին, 3 նախկինում դատված ), որից 16-ը դատապարտվել են ազատազրկման (այդ թվում` 6 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 2-ը` կալանքի, 16-ը` տուգանքի, 2-ը արդարացվել են, իսկ 5 քրեական գործի վարույթը 12 անձի նկատմամբ` կարճվել է տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով:
Քրեական գործերով ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը կազմել է 395.000 դրամ, որից դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 150.000 դրամը:
2012թ. ընթացքում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացված դատախազական ներգործության միջոցների և ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում զգալի նվազում է արձանագրվել այդպիսի հանցագործությունների շարժընթացում:
Այսպիսով, 2012 թվականի ընթացքում հանրապետության տարածքում գրանցված սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 27 դեպքով կամ 15,6%-ով (2012թ.` 146, 2011թ.` 173 դեպք):
Մասնավորապես նվազել են պետական կամ հանրային գույքի հափշտակությունները, 4 դեպքով` պետական կամ հանրային գույքի գողության դեպքերը (2012թ.` 3, 2011թ.` 7 դեպք), իսկ 1 դեպքով՝ պետական կամ հանրային գույքի խարդախության դեպքերը (2012թ.` 1, 2011թ.` 2 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 9 դեպքով ավելացել են պետական կամ հանրային գույքի յուրացման կամ վատնման դեպքերի բացահայտումները (2012թ. 25, 2011թ.` 16 դեպք): Նշյալ հանցագործությունները հիմնականում կատարվել են նախկին տարիներին (2009-2011թթ.), որոնք բացահայտվել են հանրապետության շրջանների դպրոցների տնօրենների կողմից պետական միջոցների նպատակային ծախսման ուղղությամբ 2012 թվականի 3-րդ եռամսյակում իրականացված ստուգումների ընթացքում: Արձանագրված յուրացման կամ վատնման 25 դեպքերից 12-ը բացահայտվել է Մարտունու շրջանի Վազգենաշենի համայնքի դպրոցում պետական միջոցների նպատակային ծախսման ուղղությամբ կատարված ստուգմամբ: 3 դեպքով նվազել են պետական կամ հանրային գույքի հափշտակությունները` սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ (2012թ.` 0, 2011թ.` 3 դեպք):
Անձնական գույքի հափշտակության դեպքերը նվազել են 28-ով կամ 19,3 %-ով: Առանձնապես, 23 դեպքով, նվազել են անձնական գույքի գողության դեպքերը (2012թ.` 90, 2011թ.` 113 դեպք), այդ թվում` 3 դեպքով նվազել են բնակարանային գողությունները (2012թ.` 35, 2011թ.` 38 դեպք): 9 դեպքով նվազել են անձնական գույքի յուրացման կամ վատնման դեպքերը (2012թ.` 1, 2011թ.` 10 դեպք): Մեկով նվազել են ավազակության դեպքերը (2012 թ.` 1, 2011 թ.` 2), իսկ 1 դեպքով աճել են կողոպուտի դեպքերը (2012 թ.` 2, 2011թ.` 1), 4 դեպքով (2012թ.` 8, 2011թ.` 4) աճ է արձանագրվել անձնական գույքի հափշտակության` սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների շարժընթացում:
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 80,3 % (2011թ.` 84,2 %): Չեն բացահայտվել անձնական գույքի հափշտակության դեպքերից` գողություն 90 դեպքերից 22-ը, այդ թվում 35 բնակարանային գողությաններից` 6-ը, խարդախության 13 դեպքից` 4-ը, ավազակության 1 դեպքից` 1-ը:
2012 թվականին արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների 17 դեպք` նախորդ տարում գրանցված ցուցանիշի համեմատությամբ աճելով 5 դեպքով (2011թ.` 12 դեպք): Գրանցվել է հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու 4 դեպք (2011թ.` 2) աճելով 2 դեպքով: Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու, ակցիզային դրոշմանիշների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դեպքեր չեն արձանագրվել: 6 դեպքով աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունները (2012թ.` 13, 2011թ.` 7 դեպք):
Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100% (2011թ.` 90%):
2012 թվականի ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ընթացքավորված 325 նյութերի օրինականության նկատմամբ, որից 113-ը նախապատրաստվել են նախաքննության, իսկ 212-ը` հետաքննության մարմինների կողմից: Ընթացքավորված 325 նյութերից 165-ով մերժվել է քրեական գործի հարուցումը, այդ թվում` 118-ով արդարացման հիմքով, 47-ով` ոչ արդարացման հիմքով, 1-ը միացվել է նյութերին,15-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 144-ով հարուցվել է քրեական գործ:
Դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից քննված, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 176 քրեական գործերի օրինականության նկատմամբ: Ստուգվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 28 որոշումների օրինականությունը, որից 12-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 16-ը` ոչ արդարացման հիմքով, ստուգվել է նաև քրեական գործերի վարույթը կասեցնելու մասին 40 որոշումների օրինականությունը, որոնցից 31-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, 7-ը` մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ գտնվելու վայրն այլ կերպ պարզված չլինելու հիմքով, իսկ 2-ը` այլ հիմքով: Քննված քրեական գործերից 9-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 33-ը միացվել է քրեական գործերին, 56 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 10 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:
Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ 2012թ. ընթացքում դատարանում մեղադրանք է պաշտպանվել 58 քրեական գործով` 85 անձի նկատմամբ` (այդ թվում` 9 անչափահասի, 3 կնոջ, 11 նախկինում դատվածի), որից 51-ը դատապարտվել են ազատազրկման (այդ թվում` 23 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 26-ը` տուգանքի, 2 անձ ազատվել է պատժից: Դատարան ներկայացրած 2 միջնորդությունների հիման վրա 2 անձի նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ 4 քրեական գործի վարույթը 4 անձի նկատմամբ կարճվել է` տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով:
Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը կազմել է 46.033.961 դրամ, որից պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմել է 16.781.600 դրամ, իրավաբանական անձանց գույքային շահերին հասցված վնասի չափը կազմել է 326.500 դրամ, ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասի չափը կազմել է 28.925.861 դրամ: Դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 38.734.885 դրամ, այդ թվում պետությանը` 16.711.200 դրամ, իրավաբանական անձանց` 326.500 դրամ, ֆիզիկական անձանց ` 21.697.185 դրամ: Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով գույքային վնասի չափը կազմել է 10.382.900, որը լրիվությամբ վերականգնվել է: Մերժված նյութերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 19.295.288 դրամ, որը վերականգնվել է լրիվությամբ:
2012 թվականի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ԼՂՀ տարածքում 17 դեպքով կամ 17,7 %-ով ավելացել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես, 5-ով (2012թ.`9, 2011թ.`4) աճել են ճանապարհա-տրանսպորտային պատահարների դեպքերը, որոնց հետևանքով առաջացել է մահ 4 դեպքով ավելի (2012թ.` 8, 2011թ.` 4 դեպք): Վերլուծությունը ցույց է տվել, որ մահվան ելքով 8 դեպքից 1-ի արարքը վերաորակվել է ԼՂՀ քր. օր-ի 109-րդ հոդվածով, 2012թ. գրանցված 1 դեպք կատարվել է 2011թ. դեկտեմբերի 30-ին, իսկ 1 դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն` մահվան պատճառը պարզելու համար: Նշված 9 դեպքից 3-ի դեպքում մեքենան վարել են ալկոհոլային հարբածության վիճակում, այսինքն` արդեն իսկ կատարված զանցանքի արդյունքում է կատարվել հանցագործությունը, իսկ 1-ն էլ` առանց վարորդական իրավունքի վկայականի: Գրանցված 9 հանցագործություններից 3-ը հետիոտնի վրաերթ էր, 1-ը` կանգնած տրանսպորտային միջոցի վրաերթ, 1-ը` խոչընդոտի վրաերթ, 2-ը` բախում, իսկ 2-ը` շրջում:
4 դեպքով աճել են խուլիգանության դեպքերը (2012թ.` 19, 2011թ.` 15 դեպք), այդ թվում 3-ը կատարվել է զենքի գործադրմամբ: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արձանագրված խուլիգանությունների կատարմանը հիմնականում նպաստել են կենցաղային բնույթ կրող խնդիրների շուրջ կամ միջանձնային անբարյացկամ հարաբերություններից ելնելով առաջացած վիճաբանությունները, որոնք էլ վերաճել են հասարակական կարգի կոպիտ խախտումների և արտահայտվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներով: 16 դեպքով ավելացել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը (2012թ.` 44, 2011թ.` 28 դեպք), այդ թվում 18-ով ավելացել են առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պահելու դեպքերի բացահայտումները, ինչը վկայում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և այդ նպատակով իրականացված համապատասխան միջոցառումների արդյունավետության մասին: Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր հաշվետու ժամանակահատվածում չեն արձանագրվել, թեև բացահայտվել են խոշոր /16 դեպք/ և առանձնապես խոշոր /1 դեպք/ չափերով թմրամիջոցներ ապօրինի պահելու դեպքեր: 9 դեպքով նվազել են հրազեն, ռազմամթերք պահելու կամ պատրաստելու դեպքերը (2012թ.` 14, 2011թ.` 23 դեպք):
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 98,9 % (2011թ.` 97,4%):
Ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել ընթացքավորված 399 նյութերով, որից 172-ը նախապատրաստվել է նախաքննության, իսկ 227-ը` հետաքննության մարմինների կողմից: Ընթացքավորված 399 նյութերից` 263 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որից 232-ը մերժվել է արդարացման հիմքով, 31-ը` ոչ արդարացման հիմքով, նախապատրաստված նյութերից 23-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 113-ով հարուցվել է քրեական գործ:
Դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության մարմնի կողմից քննված, ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ 124 քրեական գործերի օրինականության նկատմամբ: Ստուգվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 12 որոշումների օրինականությունը, որից 5-ը կարճվել է արդարացման հիմքով, իսկ 7-ը` ոչ արդարացման հիմքով, ստուգվել է նաև քրեական գործերի վարույթը կասեցնելու մասին 11 որոշումների օրինականությունը, որոնցից 1-ը կասեցվել է հանցագործություն կատարած անձը հայտնի չլինելու հիմքով, իսկ 10-ը` մեղադրյալի քննությունից թաքնվելու կամ գտնվելու վայրն այլ կերպ պարզված չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից 7-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 4-ը միացվել է քրեական գործերին, 87 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 3 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:
Հաշվետու ժամանակահատվածում դատարանում մեղադրանք է պաշտպանվել ընդհանուր բնույթի 80 քրեական գործերով` 113 անձի նկատմամբ, (այդ թվում` 1 անչափահաս,3 կին, 16 նախկինում դատված), որոնցից 74-ը դատապարտվել են ազատազրկման (այդ թվում` 38-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 6-ը` կալանքի, 31-ը` տուգանքի, դատարան ներկայացրած 1 միջնորդության հիման վրա 1 անձի նկատմամբ կիրառվել են բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ 2 քրեական գործի վարույթը 2 անձի նկատմամբ կարճվել է` 1-ը տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով, իսկ 1-ը` ԼՂՀ քր. դատ. օր-ի 37-րդ հոդվածի համաձայն:
Ընդհանուր բնույթի հանցագործությունների վերաբերյալ դատարանում քննված քրեական գործերով հանցագործությամբ պատճառված վնասը կազմել է 5.433.000 դրամ, որից պետությանը պատճառված գույքային վնասի չափը կազմել է 2.542.000 դրամ, իսկ ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասի չափը կազմել է 2.891.000 դրամ: Դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 2.745.000 դրամ, այդ թվում պետությանը` 1.745.000 դրամ, ֆիզիկական անձանց` 1.000.000 դրամ: Մերժված նյութերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 2.594.000, որը վերականգնվել է լրիվությամբ:
2012 թվականին արձանագրված հանցագործությունների շարժընթացում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 13 դեպքով կամ 24,1%-ով ավելացել է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թվաքանակը (2012թ.` 54, 2011թ.` 41 դեպք): Մասնավորապես, 10 դեպքով ավելացել են կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության դեպքերի բացահայտումները (2012թ.` 11, 2011թ.` 1 դեպք), ինչը պայմանավորված է ՙՀայաստանի պետական ագրարային համալսարան՚ ՊՈԱԿ Ստեփանակերտի մասնաճյուղում 2010թ. օգոստոս ամսում կատարված և 2012թ. առաջին եռամսյակում թիվ 131016.11 քրեական գործի քննությամբ բացահայտված` կաշառք ստանալու, կաշառք տալու 3-ական, ինչպես նաև կաշառքի միջնորդության 5 հանցագործության դեպքերի բացահայտմամբ:
Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցատեսակների շարժընթացում 9 դեպքով ևս աճ է արձանագրվել (2012թ.` 34, 2011թ.` 25):
Դրան զուգահեռ, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված առանձին տեսակի հանցագործությունների շարժընթացում նվազում է նկատվել,
մասնավորապես 6 դեպքով նվազել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը (2012թ.` 5, 2011թ.` 11 դեպք):
Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 100 %:
2012 թվականին որոշակի աշխատանքներ են կատարվել կոռուպցիոն հանցագործությունների գործերով քննության որակի բարելավման ուղղությամբ:
Նույն ժամանակահատվածում դատախազական հսկողություն է իրականացվել կոռուպցիոն բնույթի 46 նյութերի ընթացքավորման օրինականության նկատմամբ, որից 44-ը նախապատրաստվել են նախաքննության, իսկ 2-ը հետաքննության մարմինների կողմից: Այդ ընթացքում ստուգվել են կոռուպցիոն բնույթի 20 նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների օրինականությունը, որից 10 նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է արդարացման հիմքով, 10-ը` ոչ արդարացման հիմքով: Նախապատրաստված նյութերից 5-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 12-ը միացվել է նյութերին, 9-ով հարուցվել է քրեական գործ:
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել հաշվետու ժամանակահատվածում քննվող 14 կոռուպցիոն բնույթի քրեական գործերի օրինականության նկատմամբ, որից 11 քրեական գործի վարույթ կարճվել է, այդ թվում 2-ը` արդարացման հիմքով, 9-ը` ոչ արդարացման հիմքով, 1-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 2 քրեական գործի վարույթ մնացել է անավարտ:
Դատարանում հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 4 քրեական գործ 5 անձի նկատմամբ (2 պաշտոնատար անձ, 3 կին), որից 3-ը դատապարտվել են ազատազրկման (այդ թվում` 1 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել), 2-ը` տուգանքի:
Կոռուպցիոն հանցագործությունների գործերով հանցագործությամբ պատճառված նյութական վնասի չափը կազմել է 46.000 դոլար և 21.410.210 դրամ, ընդ որում 21.410.210 դրամ` պետությանը, իսկ 46.000 դոլար` իրավաբանական անձանց, որից դատական քննությունն ավարտված քրեական գործերով վերականգնվել է 46.000 դոլար և 11.033.210 դրամ, այդ թվում պետությանը` 11.033.210 դրամ, իրավաբանական անձանց 46.000 դոլար: Ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով գույքային վնասի չափը կազմել է 51.580.047 դրամ, ընդ որում վերականգնվել է 49.989.447 դրամ: Մերժված նյութերով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 6.418.010 դրամ, որը վերականգնվել է լրիվությամբ:
Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ԼՂՀ դատախազության կողմից դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել նախաքննության (526 նյութ) և հետաքննության (717 նյութ) մարմինների կողմից ընթացքավորված 1243 նյութերի օրինականության նկատմամբ, որից 57-ը ուղարկվել է ըստ ենթակայության, 853-ը մերժվել է, 14-ը` միացվել նյութերին, 319-ով հարուցվել է քրեական գործ:
Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 376 քրեական գործերի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, որից 319-ը հարուցվել է 2012թ., այդ թվում` 30-ը դատախազության կողմից, 17-ը փոխանցվել է 2011 թվականից, 40-ը ընդունվել է վարույթ նախկինում կասեցված, այլ մարմիններից ստացված կամ դատախազի կողմից լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործերից:
Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 116 անձ, քննիչների կողմից դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին 93 միջնորդություն, որից բավարարվել է 91-ը, խուզարկություն կատարելու համար դատարան է ներկայացվել 53 միջնորդություն, ընդ որում 47-ը` բնակարանի խուզարկություն կատարելու համար, 6-ը` այլ օբյեկտներում խուզարկություն կատարելու մասին, որոնք բավարարվել են:
Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերվել է 14 իրավախախտման դեպք, որոնց կապակցությամբ իրավախախտման փաստով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ ներկայացվել է 15 միջնորդություն, ինչի արդյունքում ոստիկանության 5 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական տույժի: Քրեական գործերի և նյութերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում հանցագործություն ծնող պատճառների և դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման հանձնարարականով թվով 45 միջնորդագրեր և հաղորդումներ են ներկայացվել պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններ:
Դատախազության գործունեության կազմակերպման, ինչպես նաև քրեական գործերով դատավարական ղեկավարման ընթացքում առավել կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ 2012 թվականին ԼՂՀ դատախազությունում անցկացվել են կոլեգիայի 4 նիստեր և 58 օպերատիվ խորհրդակցություններ:
2012թ. ընթացքում պետական շահերի պաշտպանության բնագավառում ԼՂՀ դատախազության կողմից պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում և այլ մարմիններում կատարվել են 74 (2011թ.` 66) ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 881 (2011թ.` 487) իրավախախտումներ: Հայտնաբերված իրավախախտումների, դրանք ծնող պատճառների ու կատարմանը նպաստող պայմանների վերացման պահանջով թվով 24 (2011 թ.` 25) հաղորդումներ ու միջնորդագրեր են ուղարկվել համապատասխան մարմիններ:
Կատարված ստուգումների արդյունքում պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին նախազգուշացվել է 808 անձ (2011թ.` 1067 անձ), ինչի հիման վրա պետբյուջե է վերականգնվել 302 մլն 723 հազար դրամ (2011թ.` 203 մլն 550 հազար դրամ):
Պետության շահերի պաշտպանության բնագավառում քաղաքացիական դատավարության կարգով դատարան է հարուցվել 10 (39) հայց` պետությանը պատճառված 15.289.000 դրամ վնասի բռնագանձման պահանջով, որոնք լրիվությամբ բավարարվել են: Բացի դրանից, 2011 թվականից դատարանի վարույթում մնացորդ մնացած 9 հայց, 9.400.300 դրամ հայցապահանջով, հաշվետու ժամանակաշրջանում դատարանի կողմից քննվել և լրիվությամբ բավարարվել է:
Պետական շահերի պաշտպանության ոլորտում նախապատրաստված նյութերով հարուցվել է 4 (2011թ.` 2) քրեական գործ:
Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի <Պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին> 16.06.2009թ. հրամանագրի` ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության կողմից ԼՂՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել 14 (2011թ.` 7) հայցադիմումի և դրանց հիման վրա կայացված 4 (2011թ.` 3) վճիռների պատճենները: Ներկայացված 14 (2011թ.` 7) հայցերից 391.623.600 դրամ (2011թ.` 1 մլդ 829 մլն 637 հազար դրամ) բռնագանձման պահանջով, դատարանում քննվել են 4-ը` 115.839.700 դրամ (2011թ. 3-ը` 428 մլն 545 հազար դրամ) բռնագանձելու պահանջով, որոնք լրիվությամբ բավարարվել են, մնացած 10-ով` 164.847.200 դրամ հայցապահանջով գործերը դատարանում գտնվում են քննության ընթացքում: Բացի դրանից, 2011 թ-ից դատարանի վարույթում մնացորդ մնացած 4 հայց, 1.401.092.300 դրամ բռնագանձման պահանջով, դատարանի կողմից 2012թ. ընթացքում քննվել է, որոնք լրիվությամբ բավարարվել են:
Նշված գործընթացի վերահսկման արդյունքում թերություններ չեն հայտնաբերվել:
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում ԼՂՀ դատախազությունը 2012թ. ևս օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում համապատասխան աշխատանքներ է կատարել ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում օրինականության պահպանման ընդհանուր վիճակի, պատիժների կատարման, ինչպես նաև դատապարտյալների, ձերբակալված ու կալանավորված անձանց իրավունքների պահպանման, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման ու դադարեցման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման ընթացքում օրինականության ապահովման ուղղությամբ:
ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում և քրեակատարողական տեսչություններում 2012թ. ընթացքում կատարվել են թվով 955 ստուգումներ, որից 899-ը ձերբակալվածներին պահելու վայրերում, 24-ը քրեակատարողական հիմնարկներում, 19-ը քրեակատարողական տեսչությունում, այդ թվում 10-ը` տուգանքի վերաբերյալ, 9-ը` պատիժը պայմանականորեն չկրող անձանց վերաբերյալ, 1 անգամ` անչափահասների դաստիարակչական հսկողություն իրականացնող հաստատություններում, 12 անգամ` ԼՂՀ ԱՆ <Հոգեթմրաբանական դիսպանսեր> ՓԲԸ-ում:
2012թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԼՂՀ ԿԱ ոստիկանության քրեակատարողական վարչության քրեակատարողական հիմնարկում պատիժ էին կրում 139 դատապարտյալ (2011թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ` 111 դատապարտյալ), այդ թվում 68-ը` (2011թ.` 38-ը) կիսաբաց ուղղիչ տեղամասում, 41-ը` (2011թ.` 42-ը) կիսափակ ուղղիչ տեղամասում, 30-ը` (2011 թ.` 31-ը) փակ ուղղիչ տեղամասում:
ԼՂՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազը մասնակցել է դատապարտյալների պատժից ազատվելու մասին 25 դատական նիստերին, որից 23-ը ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, իսկ 2-ը ԼՂՀ վերաքննիչ դատարանում: Քննարկման արդյունքներով ԼՂՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական հիմնարկի 22 միջնորդագրեր բավարարվել են, որից 20-ը` պայմանական վաղաժամկետ, 2-ը` հիվանդության պատճառով, իսկ 3-ը մերժվել է:
2012թ. որոշակի աշխատանքներ են կատարվել դատախազությունում ստացված դիմումները և բողոքները սահմանված ժամկետում քննարկելու, դիմումների քննարկման արդյունավետության բարձրացման, տեղ գտած թերություններն ու խախտումները վերացնելու, ինչպես նաև քաղաքացիների իրավունքները բարելավելու ուղղությամբ:
2012թ. ԼՂՀ դատախազություն մուտքագրվել է 472 (2011թ.- 281) դիմում և բողոք, որոնցից 23-ը եղել է կրկնակի, 73-ը (2011թ.` 70-ը) բավարարվել է , 55-ը (2011թ.` 35-ը) մերժվել է, 2 դիմումների ստուգումները դադարացվել են ԼՂՀ դատախազության Կանոնակարգի 182 հ. հիմքով, 4 (2011թ.` 2) դիմումներով ստուգումները դադարացվել են առաջադրված հարցերը դատախազության ներգործության հիմք չլինելու պատճառով, 11 (2011թ.` 4-ը) դիմումի թղթակցությունը դադարացվել է, 174 (2011թ.` 119) դիմումի կապակցությամբ տրվել է մանրակրկիտ պարզաբանում, 56 (2011թ.` 45) դիմումների ընթացքը լուծելու համար ուղարկվել է այլ մարմիններ և այլ դատախազություններ, 26 (2011թ.` 1) դիմում տեղափոխվել է ՀՀԳ-1, 64 (2011թ.` 3) դիմում կցվել են քրեական գործերին, նյութերին, 7 (2011 թ.` 2) դիմումի ընթացքը մնացել է անավարտ:
Ընթացքավորված դիմումներում բարձրացված հարցերի կապակցությամբ տրվել են սպառիչ պատասխաններ, կայացվել են հիմնավոր և օրինական որոշումներ:
Նույն ժամանակահատվածում ԼՂՀ դատախազությունում կազմակերպվել է դիմումներով և բողոքներով ընդունելության ներկայացած 172 քաղաքացիների ընդունելություն:
ԼՂՀ դատախազությունն իրավական ապահովման ոլորտում իրականացրել է տարբեր իրավական ակտերի կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակման աշխատանքներ:
2012թ. գործող օրենսդրությանը համապատասխան` մշակվել և գործողության մեջ են դրվել դատախազության գործունեության վերաբերյալ կազմակերպական բնույթի 35 հրամաններ և 1 տեղեկատվական նամակ:
Միջազգային-իրավական կապերի ապահովման բնագավառում 2012թ. ընթացքում ԼՂՀ դատախազությունն ապահովել է ԼՂՀ տարածքում և ԼՂՀ տարածքից դուրս հանցագործություններ կատարած անձանց հանձնման հետ կապված անհրաժեշտ գործողություններն ու դրանց իրականացման հետ կապված գործառույթները: Այդ կապակցությամբ, համաձայն ԼՂՀ և ՀՀ գլխավոր դատախազությունների միջև կնքված Հուշագիր-համաձայնագրի, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախապատրաստվել են ԼՂՀ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող երկու անձանց հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ընդ որում` մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ, հետախուզվող մեկ անձի հանձնումը բավարարվել է:
Բացի այդ, ԼՂՀ դատախազության կողմից օգնության կարգով նյութերի շուրջ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով նախապատրաստվել և ուղարկվել են միջնորդություններ ՌԴ տարածքում հանցագործություններ կատարած և հետախուզվող` ԼՂՀ 3 քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումը ԼՂՀ-ում իրականացնելու հարցի լուծման համար, ընդ որում 1-ը կատարվել է, 2-ը գտնվում է ընթացքի մեջ:
2012թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 55 հանցագործներ և 10 անհայտ կորածներ: Հաշվետու ժամանակաընթացքում հայտարարվել է հետախուզում 19 հանցագործների և 2 անհայտ կորածների նկատմամբ, ՀՀ ոստիկանությունից ստացվել է հետախուզման մեջ գտնվող մեկ հանցագործի հետախուզական գործը: 2012թ. ընթացքում հետախուզումից հանվել են 10 հանցագործներ և 2 անհայտ կորած անձ, ընդ որում 5 հանցագործներ և մեկ անհայտ կորած` հայտնաբերման հետ կապված, 2 հանցագործի վերաբերյալ կազմված հետախուզական գործը ՀՀ ոստիկանություն փոխանցվելու հիմքով, 3 հանցագործների և մեկ անհայտ կորած անձի հետախուզումը կարճվել է այլ պատճառով: Հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման ընդհանուր ցուցանիշը 2013թ. հունվարի 01-ի դրությամբ կազմել է 6,9 տոկոս, մասնավորապես, հետախուզվող հանցագործների հայտնաբերման ցուցանիշը` 6,7 տոկոս, իսկ անհայտ կորած անձանց հայտնաբերման ցուցանիշը` 8,3 տոկոս:
2013թ. հունվարի 1-ի դրությամբ հետախուզման մեջ են գտնվել 65 հանցագործներ և 10 անհայտ կորածներ: Հարկ է նշել, որ հետախուզման մեջ գտնվող 65 հանցագործներից 34-ը հետաախուզվում են ԼՂՀ ՔՕ 327-րդ /ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու/, 2-ը ` ԼՂՀ ՔՕ 104-րդ /սպանություն/, 2-ը` 112-րդ /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/, 1-ը` 131-րդ /մարդուն առևանգելը/, 1-ը` 176-րդ /կողոպուտը/, 8-ը` 177-րդ /գողություն/, 9-ը` 178-րդ /խարդախություն/, 4-ը` 179-րդ /յուրացնելը կամ վատնելը/, 1-ը` 182-րդ /շորթում/, 1-ը` 235-րդ /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/, 2-ը` 258–րդ /խուլիգանություն/ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար:
ԼՂՀ դատախազությունը որոշակի աշխատանք է կատարել հանրային իրազեկման և հրապարակայնության ապահովման ուղղությամբ` զանգվածային լրատվամիջոցներին պարբերաբար տեղեկություններ տրամադրելով դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման վերաբերյալ:
Այսպիսով, 2012 թ. ԼՂՀ դատախազության պաշտոնական կայքում հրապարակվել է դատախազության համապարփակ աշխատանքը լուսաբանող 116 տեղեկատվություն: Բացի այդ, Արցախի հանրային հեռուստատեսությամբ պատրաստվել և հեռարձակվել է 6 հաղորդում, իսկ Արցախի հանրային և <Ազատություն> ռադիոկայաններով` 9 հաղորդում: Միևնույն ժամանակ, ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում, արցախյան և Հայաստանի տարբեր լրատվամիջոցներում տպագրվել են 52 հրապարակում, բացահայտումների ու քննվող գործերի վերաբերյալ` 29 տեղեկատվական նյութ, դատախազության գործունեության հետ կապված` 12 այլ հրապարակում:
ԼՂՀ դատախազությունը հաշվի առնելով քաղաքացու տեղեկություն ստանալու իրավունքը, 2013թ. ևս շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել դատախազության աշխատանքի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ, ապահովելով քաղաքացու` ԼՂՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս հիմնարար իրավունքները, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը,պատվի ու արժանապատվության նկատմամբ հարգանքը:
Անձնակազմի հետ տարվող աշխատանքների ոլորտում 2012թ. ապահովվել է <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի` դատախազության անձնակազմին և նրա գործունեության երաշխիքներին վերաբերող պահանջների, գլխավոր դատախազի հրամանների, ցուցումների ու կարգադրությունների կատարումը, անձնակազմի հարցերով նախապատրաստվել են մի շարք հրամաններ :
2012թ. ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից անց է կացվել թվով 6 նիստ:
Դատախազների և քննիչների հերթական ատեստավորման համար անց է կացվել թվով 4 նիստ, ատեստավորվել են դատախազա-քննչական 8 աշխատակիցներ: Ատեստավորվող 8 դատախազներից և քննիչներից 8-ի նկատմամբ որակավորման հանձնաժողովի կողմից տրվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ դրական եզրակացություն, այդ թվում 2-ի նկատմամբ` դատախազների ու քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկելու վերաբերյալ և ԼՂՀ գլխավոր դատախազի հրամաններով ընդգրկվել են դատախազների ու քննիչների ծառայողական առաջխաղացման ցուցակում:
Դատախազների և քննիչների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկված անձանց թվից շրջանի դատախազի պաշտոնի նշանակման համար 1 անձի նկատմամբ ԼՂՀ գլխավոր դատախազի առաջարկությունը քննարկելու համար անց է կացվել 1 նիստ և որակավորման հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն:
2012թ. <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի պահանջներին համապատասխան, թվով 16 դատախազա-քննչական աշխատակիցների շնորհվել է հերթական դասային աստիճան, ընդ որում 1-ը` ԼՂՀ Նախագահի հրամանագրով, իսկ 15-ը` ԼՂՀ գլխավոր դատախազի հրամաններով: Ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու կապակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանների պաշտպանության համար մղված մարտերին ակտիվ մասնակցելու, Մեծ հաղթանակի 67-ամյակի, Շուշիի ազատագրման և ԼՂՀ ՊԲ ստեղծման 20-ամյակի և <ԼՂՀ դատախազության օրվա> կապակցությամբ 35 դատախազա-քննչական աշխատակիցներ խրախուսվել են:
<Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն` դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման մրցույթ անցկացնելու կապակցությամբ ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից անց է կացվել մեկ արտահերթ նիստ՝ դատախազների ու քննիչների թեկնածությունների ցուցակի համալրման մրցույթ անցկացնելու կապակցությամբ: Մրցույթին մասնակցելու խնդրանքով դիմել է մեկ քաղաքացի, հանձնաժողովի նիստին ներկայացել է մեկ հայտատու: Մասնակցող հավակնորդը հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել և ԼՂՀ գլխավոր դատախազի հրամանով ընդգրկվել է ԼՂՀ դատախազության դատախազների և քննիչների թեկնածությունների ու ծառայողական առաջխաղացման ցուցակներում:
Հաշվետու ժամանակահատվածում <Դատախազության մասին> ԼՂՀ օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, ԼՂՀ դատախազության դատախազների և քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանցից 2-ը ընդունվել է աշխատանքի ԼՂՀ դատախազության համակարգում: Ըստ նույն օրենքի 48-րդ հոդվածի` մեկ դատախազի լիազորությունները դադարացվել է մահվան կապակցությամբ (Շահումյանի շրջանի դատախազ Ս.Ռ.Բաղրամյան): Զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի է նշանակվել մեկ աշխատակից: Համապատասխան պաշտոնի է տեղափոխվել մեկ աշխատակից:
Ներկայումս ԼՂՀ դատախազության համակարգում աշխատում են 50 դատախազա-քննչական աշխատակիցներ, բոլորն ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն:
ԼՂՀ դատախազությունը 2013 թվականին կշարունակի աշխատանքները հանրապետությունում օրինախախտումների դեմ տարվող պայքարին, սահմանադրական նորմերի և հասարակական կարգի ամրապնդմանը, պետության, ֆիզիկական և իրաբավանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու, ինչպես նաև օրինականության պահպանմանն առնչվող` օրենքով իրեն վերապահված և սահմանադրությամբ ամրագրված լիազորություններից բխող մյուս խնդիրներն իրականացնելու ուղղությամբ:

ԼՂՀ գլխավոր դատախազ,
արդարադատության երկրորդ դասի
պետական խորհրդական Ա.Ս.Ղարամյան