Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ 2012 Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏՈՒՄ /16.02.2013թ./

Ես տեղեկացված եմ 2012 թվականին դատախազության կողմից կատարված աշխատանքների մասին եւ գտնում եմ, որ համակարգը բավականին արդյունավետ կերպով է իրականացրել իր գործառույթները` արձանագրելով դրական տեղաշարժեր: Ինչպես դատախազության, այնպես էլ ուժային մարմինների, այդ թվում եւ ոստիկանության աշխատանքի շնորհիվ է մեր հանրապետությունում ապահովվել ակտիվ պայքարը հանցավորության եւ այլ բացասական երեւույթների դեմ, պատշաճ մակարդակով պահպանվել հասարակական կարգը: Այդ աշխատանքը բնութագրող ցուցանիշները, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ են:
Այսպես, մայրաքաղաք Ստեփանակերտում, Ասկերանի, Շուշիի եւ Շահումյանի շրջաններում արձանագրվել է հանցագործությունների թվի շոշափելի նվազում:
Որպես դրական միտում պետք է նշեմ սպանության դեպքերի, սեփականության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազումը: Դրա հետ մեկտեղ, որոշակիորեն բարձրացել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Բացի դրանից, այն հանգամանքը, որ հանցագործությունների ցուցանիշի աճի մեջ ավելացել են լատենտային, այդ թվում` կոռուպցիոն բնույթ կրող հանցագործությունները, վկայում է, որ հանցավորության մակարդակը 2011 թվականի համեմատ էականորեն չի փոխվել եւ մի քանի անգամ ավելի ցածր է համաշխարհային ցուցանիշներից:
Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հանցավորության աճի անթույլատրելիության վրա, երեւան հանել այն ծնող պատճառները եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ` հատկապես այն շրջաններում, որտեղ ամենաշատ աճն է գրանցվել: Դա Մարտակերտի, Քաշաթաղի եւ Հադրութի շրջաններն են:
Այնպիսի հանցատեսակներով հանցագործությունների թվի աճը, ինչպիսիք են հասարակական անվտանգության եւ բնակչության առողջության, տնտեսական գործունեության, պետական կառավարաման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, նույնպես պետք է լրջորեն վերլուծվի եւ ձեռնարկվեն համալիր միջոցներ, որոնք թույլ կտան մշտապես վերահսկել իրավիճակը: Իսկ դա ենթադրում է դատախազության կադրային ներուժի արհեստավարժ ու համակարգված աշխատանք:
Առանձնակի ուշադրություն է պահանջում հանցագործությունների բացահայտման մակարդակը: Հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշի նվազում է գրանցվել մայրաքաղաք Ստեփանակերտում, Ասկերանի, Մարտունու եւ Հադրութի շրջաններում: Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները իրավիճակը շտկելու ուղղությամբ:
Հատուկ կուզենայի կանգ առնել չբացահայտված առանձնապես ծանր հանցագործությունների փաստի վրա, իսկ այդպիսիք դժբախտաբար կան, եւ դրանց բացահայտումը պետք է առաջնային լինի ձեր աշխատանքում: Անհրաժեշտ է հասնել նրան, որ այդ տեսակի բոլոր հանցագործություններն անպայման բացահայտվեն:

Հարգելի ներկաներ,

Համակարգի առջեւ դրված խնդիրները լուրջ են ու պատասխանատու, եւ դրանց լուծումը ձեզնից յուրաքանչյուրից պահանջում է անձնվիրություն, սկզբունքայնություն ու հետեւողականություն: Վստահ եմ, որ դուք ունեք անհրաժեշտ ներուժ եւ բոլոր հնարավորությունները` իրականացնելու ձեր առջեւ դրված խնդիրները:
Դրական գնահատելով համակարգի գործունեությունը` ես ձեզնից ակնկալում եմ ակտիվ եւ արդյունավետ աշխատանք:
Հանրապետության իշխանություններն էլ իրենց հերթին կշարունակեն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատախազության աշխատողների սոցիալական եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

Շնորհակալություն: