Արցախի Հանրապետության Դատախազություն

Հասցե՝ ք. Ստեփանակերտ
Վազգեն Սարգսյան - 13
Հեռ.՝ ( 047 ) 94-52-94

ՕՐԵՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆ Է

Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել ԱՀ  դատախազության կոլեգիայի նիստ, որտեղ ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում  դատախազության մարմինների կատարած աշխատանքի արդյունքները:

Բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը:

Ըստ օրակարգի`  նիստում ելույթ են ունեցել գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված  հանցագործությունների գործերով բաժնի պետ Արմեն Գալստյանը, մինչդատական քրեական  վարույթի  օրինականության  նկատմամբ հսկողության  բաժնի պետի պաշտոնակատար Նարինե Սարգսյանը, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման  բաժնի պետ Լորետա Բարսեղյանը,   պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Սասուն Գաբրիելյանը, ԱՀ Շահումյանի շրջանի դատախազ Դավիթ Ստեփանյանը:

Հնչած ելույթների առնչությամբ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ: Նա, մասնավորապես, անդրադարձել է քրեական գործերի ժամկետների անհարկի երկարաձգման,   քննության որակի բարձրացման, գործընկեր մյուս կառույցների հետ համագործակցության, պատժի անհատականացման խնդիրներին:

Պետության և քաղաքացու շահերը կարևորագույն արժեքներ են, որոնց պաշտպանության  գործընթացում օրենքի գերակայությունը պարտադիր պայման է:  Դատախազության մարմինները պետք է անվերապահորեն իրականացնեն Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված լիազորությունները, ինչը երկրում օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման կարևոր գրավականն է, շեշտել է  Ա. Ավագյանը:

Կոլեգիան քննարկված հարցերի   առթիվ ընդունել է համապատասխան որոշում: